Ոչ ալկոհոլային գարեջուր, ըմպելիք, որը համով նման է ավանդական գարեջրին, բայց պարունակում է քիչ քանակությամբ ալկոհոլ (0-1 %՝ կախված պետությունից)։ Չնայած պատրաստման եղանակների նմանությանը՝ խմիչքի գինն ավելի բարձր է, քան սովորական գարեջրինը, ինչը արտադրողները բացատրում են դրա պատրաստման գործընթացի դժվարությամբ։
Խմիչքն առաջին հերթին նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ինչ-որ պատճառով չեն կարող օգտագործել ալկոհոլ (ալերգիկ ռեակցիա, առողջության հետ կապված խնդիրներ, ալկոհոլիզմից բուժում կամ աշխատանքներ, որոնք անհամատեղելի են ալկոհոլի արբեցնող ազդեցության հետ, օրինակ՝ տրասնպորտային փոխադրամիջոցի վարում)։
Իրավաբանական բաղադրիչը կախված է պետությունից։ Ռուսաստանում ոչ ալկոհոլային գարեջուրը արգելված չէ և թույլատրված է անչափահասներին, որովհետև այն ալկոհոլային խմիչք չէ։ Արևմտյան երկրներում այն ալկոհոլային է համարվում նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի ալկոհոլ չի պարունակում (ինչպես՝ «Heineken 0.0»)։
Արտադրության տեխնոլոգիա
Ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունը հիմնված է խմորման գործընթացը բացառելու միջոցով ալկոհոլի քանակությունը նվազեցնելու (էթիլ սպիրտ) կամ պատրաստի գարեջրից ալկոհոլը հանելու վրա։
Օգտագործվում են հատուկ խմորիչներ, որոնք մալթոզը չեն խմորում, կամ խմորումը դադարեցվում է սառեցման միջոցով։ Ստացված գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, իսկ համը հեռու է ավանդականից։
Ալկոհոլի հնարավոր է հանել ջերմային միջոցով՝ օգտագործելով ալկոհոլի եռման ցածր մակարդակ։ Առավել հաճախ օգտագործվում է վակուումային թորում և շոգեհարում։
Ալկոհոլի տեսակներ և պարունակություն
ԱՄՆ-ում ոչ ալկոհոլային են համարվում այն ըմպելիքները, որոնք պարունակում են 0.5 %-ից քիչ ալկոհոլ։ Շատ նահանգներում նման խմիչքները թույլատրվում են վաճառել անչափահասներին։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում առանձնացնում էին ալկոհոլի ներքոնշյալ տեսակները[1].
- Ալկոհոլ չպարունակող խմիչքներ (No alcohol, alcohol-free)՝ մինչև 0.05 % ալկոհոլ,
- խմիչքներ, որոնցից հեռացվել է ալկոհոլը (Dealcoholised)՝ 0.05 %-0.5 % ալկոհոլ,
- քիչ ալկոհոլային (Low-alcohol), 1.2 %-ից ոչ ավելի ալկոհոլ։
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ 0.5 % տոկոսից քիչ ալկոհոլ պարունակող խմիչքները ալկոհոլային արտադրանք չեն համարվում, նույն մակարդակն է սահմանված նաև միջազգային չափանիշով[2][3]։
Պահանջարկ
Ոչ ալկոհոլային գարեջրի վաճառքն աճում է տարբեր երկրներում[4]։ Ոչ ալկոհոլային գարեջրի պահանջարկի ծավալները գնահատվում են մինչև 0,6 %, իսկ քիչ քանակությամբ ալկոհոլ պարունակող գարեջրինը՝ 2.2 %։ Գարեջրի այս տեսակը մեծապես տարածված է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հյուսիսային հատվածի երկրներում (մինչև 6 %)[5]։
2016 թվականի տվյալներով ոչ ալկոհոլային գարեջրի չափաբաժինը ռուսական շուկայում ավելի քիչ էր, քան եվրոպականում՝ Ռուսաստանում այն կազմում էր 1.2 %, Եվրոպայում՝ 5-13 %։ Սակայն համաշխարհային «Nielsen» չափորոշչային ընկերության տվյալներով՝ ոչ ալկոհոլային գարեջրի շուկան աճում է։ 2016 թվականին այդ սեկտորը 2015 թվականի համեմատությամբ աճել է 14 %-ով[6]։
Մարքետինգ
Այդպիսի գարեջրի մասսայական մարքետինգով սկսել են զբաղվել 1980-ականներին՝ կապված նաև արբած մեքենա վարելու հետ։ Սակայն 1990-ականների սկզբին ոչ ալկոհոլային գարեջուրը զբաղեցրել է համաշխարհային շուկայի 1 %-ից պակաս բաժին[7]։
Որոշ երկրներում ոչ ալկոհոլային գարեջուրը կարող է օգտագործվել բրենդների գովազդի համար, այն դեպքում, երբ ալկոհոլային գարեջրի գովազդն արգելված է[8]։
Ծանոթագրություններ