- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Կնյազի Մարգարյան (փետրվարի 8, 1948(1948-02-08), Արայի, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական (07.01.2005), ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1977)։
Գործունեությունը
1963 թվականին ավարտել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, ունի պահեստի կապիտանի զինվորական կոչում։ 1972-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության հատուկ նախագծային փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի առաջատար ճարտարապետ (հետագայում՝ փորձարարական ինստիտուտ), 1977-1979 թվականներին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի թիվ 7 արվեստանոցի ճարտարապետական խմբի ղեկավար, 1979-1982 թվականներին՝ Հրազդանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության նախագծային բյուրոյի նախագծի գլխավոր ճարտարապետ, 1987-1994 թվականներին՝ «Հայնորոգնախագիծ» ինստիտուտի Աշտարակի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն։ 1994-1997 թվականներին աշխատել է Մոսկվայում, եղել է «Մոսպրոյեկտ-3» նախագծային ինստիտուտի թիվ 5 արվեստանոցի նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1998 թվականին հրավիրվել է Երևան և նշանակվել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության «Քաղաքաշինություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն։ 2004 թվականին եղել է Երևանի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, 2004-2007 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ։ 2007 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս նրա նախագծով կառուցվել են բազմաթիվ բնակելի բարձրահարկ բազմաբնակարան շենքեր, անհատական մենատուն-դղյակներ, հասարակական այլ շինություններ։
Մրցանակներ
- 1975 թվականին արժանացել է ԼԿԵՄ Երևանի քաղկոմի դափնեկրի կոչման և Կուբա մեկնելու ուղեգրի ( Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ զոհվածների հիշատակի հուշարձանի լավագույն ստեղծագործության համար)։
- 1981 թվականին դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր (նոր տիպի բնակելի շենքերի նախագծային առաջարկի համար)։
- 1984 թվականին դարձել է համամիութենական ստուգատեսի դափնեկիր (տարվա լավագույն ճարտարապետական ստեղծագործության համար)։
Ստեղծագործությունները