Ծնվել է Մենի նահանգի Մանսըն քաղաքում[1]։ Հայրը ֆերմեր էր, մայրը մահանում է քառասունմեկ տարեկանում, Մերիի՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ ժամանակ անց։ Հինգ տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Անդովեր, որը գտնվում է Մասաչուսեթսում[1]։
Քրոջ հետ՝ Վինոնայի հետ միասին ստանում է քրիստոնեական դաստիարակություն։ Դեռահասության շրջանում կրոնական փորձը նրան մղում է միանալու տեղի եկեղեցուն և մասնակցելու ծիսակատարություններին (աղոթք-խոկում)։ Օհայոյում՝ միսիոներական դաստիարակությամբ հայտնի Օբերլինի քոլեջում սովորելու ընթացքում պատրաստվում է միսիոներ դառնալ[1]։ 1894 թվականին ավարտելուց հետո սովորում է Մասաչուսեթսի, Նյու Ջերսիի, Վաշինգտոնի տարբեր դպրոցներում[2]։ Չի հաջողվում որպես միսիոներ մեկնել Ճապոնիա։ Այնուամենայնիվ 1901 թ. նրան ուղարկում են Սեբաստիա՝ որպես Օտարերկրյա միսիոներության լիազորների ամերիկյան խորհրդի (American Board of Commissioners for Foreign Missions) պատասխանատու կանանց կրթության հարցում[1]։
Գրաֆամն այդ ժամանակ երեսունմեկ տարեկան էր[1]։ Ժամանակի ընթացքում դառնում է Սեբաստիայի օրորդաց վարժարանի տնօրեն, դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն[3]։ Որպես շրջակա գյուղերի դպրոցների վերակացու, դասավանդում է Աստվածաշնչի ուսումնասիրություն և եռանկյունաչափություն Սեբաստիայի Ուսուցիչների դպրոցում[3]։ Սահուն խոսում է հայերեն, կարողանում է հաղորդակցվել թուրքերենով և ֆրանսերենով[3]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և Եղեռնի ամենասուր օրերին մնում է իր պաշտոնին[3]։
Մահանում է Սեբաստիայում, 1921 թ., սրտի նոպայից[1]։
Գրաֆամը և ցեղասպանությունը
Մերի Գրաֆամը այն սակավաթիվ միսիոներներից էր, ովքեր մնացին Սեբաստիայում, երբ Օսմանյան կառավարությունը խզեցի դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ հետ՝ վերջինիս կողմից Առաջին համաշխարհային պատերազիմն ներագրավելու պատճառով[3]։ 1915 թ. հուլիսի 7-ին Գրաֆամը իր աշակերտների և 2000 հայերի հետ միասին տեղահանվում է։ Տեղահանվածներին «պաշտպանվելու» կոչված ոստիկանները զինամթերք են տրամադրում տեղի քրդերին, որոնք թալանում են մարդկանց և առևանգում աղջիկներին[3]։ Որոշ քրդական խմբեր քարկոծում են տեղահանված հայերին[4]։ Քայլելու ընթացքում Գրաֆամն ականատես է լինում հայերի գնդակահարությանը, ովքեր փորձել էին ջուր խմել մոտակա գետից[5]։ Նաև լուրեր է ստանում, որ մոտակայքում «դիակների դաշտ» կա[6]։ Գրաֆամը նկարագրում է իրավիճակը մինչ կհասներ Մալաթիա, որտեղ թուրք ոստիկանները նրան արգելում են շարունակել ճանապարհը.
Երբ հասանք Տոկմա Սուի կամրջին, սարսափելի տեսարան էր։ Որքան աչքը կարող էր տեսնել հարթավայրում, այդ դանդաղ շարժվող շղթան էր։ Ժամեր շարունակ ոչ մի կաթիլ ջուր չտեսանք ճանապարհին, իսկ արևը ահավոր այրում էր։ Քայլելու ընթացքում տեսանք երեկվա խմբի մահացածներին և թուլություն սկեսց իջնել... Ես որքան կարողացա մեր ֆուրգոններում հավաքեցի, և մեր աշակերտները, թե՛ աղջիկները թե՛ տղաները, աշխատում էին հերոսաբար...
Բնօրինակ տեքստ(անգլ.)
When we approached the bridge over Tokma Su it was a certainly fearful sight. As far as the eye could see over the plain was this real slow moving line of oxcarts. For hours not a drop of water on the road and the sun pouring down its very hottest. As we went on we began to see the dead from yesterday's company and the weak began to fall by the way...I piled as many as I could on our wagons and our pupils both boys and girls, worked like heroes.[6]
1915 թ. օգոստոսին Գրաֆամը վերադառնում է Սեբաստիա և գրում է ընտանիքին և ընկերներին, ովքեր Ամերիկայում լուրերի էին սպասում։ Սեբաստիայում Գրաֆամը ուժասպառ է լինում՝ խնամելով հայ որբերին։ Ստանձնում է թաքցնել ֆինանսական միջոցները և թանկարժեք իրերը, որ հանձնում էին նրան հայերը ապահովության համար, և փորձում է արժեքավոր ապրանքները տեղափոխել ապահով վայրեր[3][7]։ Թաքցնում է նաև հայ աղջիկներին, որոնց առևանգում էին մուսուլմանական ընտանիքները[3]։ Իշխանությունների ուշադրությունը չգրավելու համար Գրաֆամը գաղտնի թաքցնում է հարյուրավոր աղջիկների՝ տեղավորելով նրանց շրջակա քաղաքների ընտանիքներում։ 1916 թ. դիմում է Օտարերկրյա միսիոներության լիազորների ամերիկյան խորհրդի գանձապահ Ուիլյամ Վ. Փիթին[3]՝
Ինձ ավելի շատ փող է հարկավոր, այլապես այս վատառողջ կանայք և երեխաները կկործանվեն սովից ու ցրտից։ Նույն վիճակներում են Զիլեն, Կանգալը, Թոկատը[8]։
Բնօրինակ տեքստ(անգլ.)
I must have much money or these half-sick women and children will perish with hunger and cold. Then there is Zara, Kangal, and Tokat and other places in the same condition.
1919 թ. հունվարի 27-ին թվագրված նամակով Գրաֆամը դիմել է նաև ԱՄՆ լիազոր Լյուիս Հեքին՝ պատմելով հայ որբ աղջիկների բռնի իսլամափոխության մասին[3]
Մի քանի շաբաթ առաջ այստեղ էին թուրքական մանկատնից մի խումբ հայ աղջիկներ, ովքեր պատմեցին, որ եթե իրենք իսլամ չընդունեն և չհրաժարվեն բոլոր հայ ազգականներից ու ծանոթներից, կհայտնվեն փողոցում։ Նրանցից շատերը փախան և աշխատում են մեզ մոտ"
Բնօրինակ տեքստ(անգլ.)
Some weeks ago a crowd of Armenian girls who had been in the Turkish orphanage here were told that unless they become wholly Islam and absolutely denied all Armenian relatives and acquaintances that they would be put into the street. Upon that most girls fled to us and are working in our factory."
1919 թ. նա գրում է իր ապրումների մասին՝ վերնագրելով «Սեփական պատմություն»[3]։
Գրաֆամը անկախ Հայաստանի եռանդուն պաշտպաններից էր, որտեղ հայերը ազատ կլինեին «թուրքական տիրապետությունից»[9]։
Նրա մահը սգացին հազարավոր մարդիկ, ովքեր նրան պարտական էին կյանքով[1]։
↑«Letter from Turkey». Cengage. Summer 1915. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին. «Շուրջբոլորը բլուրները սպիտակել էին քրդերից, ովքեր քարեր էին նետում դանդաղորեն դեպի կամուրջը գնացող հայերի վրա։»