Պերինը Ջենոայի ակադեմիայի սան է։ 2010 թվականի հունվարին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ որպես երրորդ դարպասապահ՝ ստանալով 88 համարի մարզաշապիկը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի մայիսի 22-ին՝ Չեզենայի դեմ խաղում[4]։
2011 թվականի հուլիսին Պերինը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պադովա[5]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 1-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[6]։ Պադովայի կազմում Պերինը անցկացրեց 25 հանդիպում՝ բաց թողելով 39 գնդակ։
2012 թվականի ամռանը Պերինը վարձավճարով միացավ այդ մրցաշրջանում Սերիա A տեղափոխված Պեսկարային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 23-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում իտալացին ստացավ կարմիր քարտ ստացավ՝ խաղադաշտից հեռացվելով հանդիպման 63-րդ րոպեին[8]։ Պեսկարայի կազմում Պերինը անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 66 գնդակ։
2013-14 մրցաշրջանում Պերինը վերադարձավ Ջենոա՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ինտերի դեմ խաղում՝ այս խաղում բաց թողելով 2 գնդակ[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Վերոնայի դեմ խաղում Պերինը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Ջենոայի ավագ[10]։ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Ռոմայի դեմ խաղում[11] իտալացին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[12]։ 2017-18 մրցաշրջանում նա դարձավ թիմի մշտական ավագը։ Ջենոայի կազմում Պերինը անցկացրեց 151 հանդիպում՝ բաց թողելով 184 գնդակ և 46 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Յուվենտուս
2018 թվականի հունիսի 8-ին Պերինը 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն եվրո և հավելյալ 3 միլիոն բոնուսների տեսքով[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[18][19]։ 2019 թվականի ապրիլին իտալացին տարավ ուսի վիրահատություն՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[20][21][22]։ 2018-19 մրցաշրջանում Պերինը անցկացրեց 9 հանդիպում՝ 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ[23] և օգնելով թիմին հաղթել Սերիա A-ն[24][25][26]։
2019 թվականի ամռանը Պերինը մոտ էր Բենֆիկա տեղափոխությանը, սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ դարպասապահը ձախողեց բուժզննումը[27][28][29]։ 2020 թվականի հունվարի 2-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ջենոա[30][31][32][33]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց հունվարի 5-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[34]։
Միջազգային կարիերա
Որպես Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահ, Պերինը մասնակցեց 2009 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՝ ընդգրկվելով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում։ 2010 թվականին նա Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Պերինը նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ 17 տարեկան հասակում՝ Դանիայի դեմ խաղում[35]։
Իտալիայի ազգային հավաքական Պերինը առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[36]։ 2014 թվականին նա Չեզարե Պրանդելիի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության վերջնական կազմում որպես հավաքականի երրորդ դարպասապահ[37]՝ Ջանլուիջի Բուֆոնից և Սալվատորե Սիրիգուից հետո՝ դառնալով թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, և նաև միակը, ով նախկինում ոչ մի հանդիպում չի անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Աշխարհի առաջնությունում Պերինը խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից։
Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Պերինը նշեց 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե ՍիրիգուինԱլբանիայի դեմ ընկերական խաղում[38][39]։ 2016 թվականի ապրիլի 9-ին նա Ջենոայի կազմում խաղալիս վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել Եվրո 2016-ին որպես թիմի երրորդ դարպասապահ[40]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում Պերինը անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[41]։