Հենրի Հոլթը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում,1840 թվականի հունվարի 3-ին[3]։ Նա ավարտել է Յեյլի համալսարանը 1862 թվականին[3]։ Կոլումբիայի իրավաբանական դպրոցում սովորելուց մեկ տարի անց նա ամուսնացավ Մերի Ֆլորենս Ուեսթի հետ և թողեց դպրոցը աշխատանքի համար[3]։
Նա միացավ Ֆրեդերիկ Լեյպոլդտի հրատարակչական ընկերությանը 1866 թվականին, որը 1873 թվականին դարձավ «Հենրի Հոլթ և Ընկերություն»։ Հոլթի ընկերությունը կենտրոնացած էր հրատարակության վրա և չէր զբաղվում գրքերի մանրածախ վաճառքով։ Նա ընկերությունում շարունակել է իր ակտիվ գործունեությունը մինչև 1916 թվականը[3]։
Կնոջ մահից յոթ տարի անց նա ամուսնացավ Ֆլորենս Թեյբերի հետ։ Հոլթն ուներ 3 որդի և 3 դուստր։ Նրա որդին՝ Ռոլանդ Հոլթը, ամուսնացավ հայտնի դրամատուրգ Կոնստանս Դ'Արսի Մաքեյի հետ[4]։ 1905 թվականին Հենրի Հոլթի դուստրերը՝ Էդիթը և Ուինիֆրեդը, հիմնադրել են կույրերի համար նախատեսված Նյու Յորքի ասոցիացիան, որն այժմ հայտնի է որպես «Միջազգային փարոս» անվանմամբ։ Էդիթը շարունակում էր ակտիվորեն զբաղվել իր բարեգործությամբ, որը կույր մարդկանց հնարավորություն էր տալիս կատարելու պետքական աշխատանք։ Ի պատասխան քննադատների՝ նա գրեց. «Ոմանք այնքան հեռու էին գնում ասելով, որ անգթություն կլիներ հիվանդության բեռին ավելացնել նաև աշխատանքի բեռը, կարծես գործազուրկ լինելը հասարակ մահկանացուին տրված ամենածանր բեռը չէ, որը ստիպված է տանել»։
1914 թվականին Հոլթը հիմնադրել է «Հասարակական գրախոսություն»-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Անկուսակցական գրախոսություն», իսկ 1920թվականին լիովին դադարեցրել տպագրումը[3]։
Հոլթը նաև հեղինակել է վեպեր։ Թե՛ «Կալիր»-ը (1892), և թե՛ «Սթարմսի։ Մարդն ու մարդը»-ը (1905) սկզբում հրատարակվեցին անանուն կերպով, հետագայում վերահրատարակվեցին արդեն իսկ իր անվան ներքո։ Նյու Յորք Թայմսը նկարագրեց դրանք այսպես. «Սթարմսիում մերօրյա տնտեսական խնդիրներին մոտենում են հետաքրքիր ձևով։ Դրանում շեշտադրված է «սոցիալական ծառայության» տեսությունը և առկա են բազմաթիվ երգիծական մոտեցումներ։ Մյուս նովելի՝ Կալիրի, ստեղծագործական մտահորիզոնը շատ ավելի ընդգրկուն է[3]։
Հոլթը ծառայել է Պարզեցված ուղղագրության խորհրդում, եղել է դրա նախագահը և այն մարդը, որին խորհրդի հիմնադիր բարերար Էնդրյու Կարնեգին 1915 թվականի փետրվարի 25-ին գրված իր նամակն է հասցեագրել՝ դժգոհելով խորհրդի առաջընթացից, ասելով խորհրդի մասին՝ «Ավելի անպետք մարդկանց խումբ երբեք ոտք չի դրել այս միավորում՝ դատելով նրանց թողած ազդեցությունից»[5]։
1923 թվականին Հոլթը հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը ՝ «Ութսունամյա խմբագրի շաղակրատումը» վերնագրով[6]։
Նա մահացել է 1926 թվականի փետրվարի 13-ին՝ Նյու Յորքի իր տանը։ Թաղվել է Գրին-Վուդ գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություններ
Գեղարվեստական՝
Կալիր (1892)
Սթարմսի։ Մարդն ու մարդը (1905)
Տափաստանի գայլը (1926)
Ոչ գեղարվեստական՝
Զրույցներ քաղաքացիական հասարակության մասին (1901)
Տիեզերական հարաբերությունների մասին (1914)
Ութսունամյա խմբագրի շաղակրատումը(1923)
Գրականություն
Henry Holt, Garrulities Of An Octogenarian Editor. With Other Essays Somewhat Biographical and Autobiographical, Boston and New York: Houghton Mifflin Company, 1923.
Charles A. Madison, The Owl Among Colophons: Henry Holt as Publisher and Editor, New York: Holt, Rinehart and Winston, 1966.