Հելեն Զիլե (աֆրիկաանս՝ Helen Zille, անձնագրով՝— Օտտա Հելեն Մարե, ծննդյամբ՝ Զիլե, անգլ.՝ Otta Helene Maree née Zille, մարտի 9, 1951(1951-03-09)[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]), հարավաֆրիկացի լրագրող և քաղաքական գործիչ, Արևմտյան Կապ նահանգի վարչապետ՝ 2009 թվականից մինչև 2019 թվականի սկիզբ, այդ նահանգի խորհրդարանի անդամ, 2007-2015 թվականներին եղել է Հարավաֆրիկյան ընդդիմադիր Լիբերալ Դեմոկրատական դաշինք կուսակցության առաջնորդ, Քեյփթաուն քաղաքի նախկին քաղաքապետ։
Կենսագրություն
Երիտասարդ տարիներին Հելեն Զիլեն աշխատել է որպես լրագրող, ակտիվորեն հանդես է եկել մարդկության դեմ ուղղված հանցագործության, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականության դեմ[6][7][8]։ Նրա ձեռքբերումներից մեկը 1970-ականների վերջին «Rand Daily Mail» թերթում իր աշխատանքի ընթացքում «Սև ինքնագիտակցության» շարժման հիմնադիր և առաջնորդ Սթիվ Բիկոյի սպանության փաստական հանգամանքների վրա հանրային ուշադրություն հրավիրելն է եղել։ 1980-ական թվականներին համագործակցել է մի շարքդեմոկրատական խմբերի հետ, ինչպես նաև «Սև գոտի»՝ սպիտակամորթ կանանց կազմակերպության հետ։ Կազմակերպությունը պայքարել է սևամորթ կանանց ընտրական իրավունքի համար։
Քեյփթաունի քաղաքապետի պաշտոնում նրան հաջողվել է նվազեցնել հանցագործությունը, գործազրկություն և թմրանյութերի օգտագործման մակարդակը։ 2008 թվականին 820 թեկնածուներից Հելեն Զիլեն արժանացել է «Աշխարհի քաղաքապետ» մրցանակին[9][10]։
Հելեն Զիլեն տիրապետում է Հարավային Աֆրիկայի երեք պաշտոնական լեզուներին՝ անգլերեն, աֆրիկաանս, կոսա։ Մայրենի լեզուն, որով խոսել են նրա երկու ծնողները, գերմաներենն է։
Հելենի ծնողները իրար հետ ծանոթանալուց առաջ, 1930-ականն թվականներին նացիստական Գերմանիայից տեղափոխվել են Հարավային Աֆրիկա, քանի որ երկուսն էլ եղել են հրեական ծագմամբ գերմանացիներ։ Նրա հոր զարմիկը եղել է գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ Հայնրիխ Ցիլեն։