Կլաուդիա Պասկուալ Գրաու (իսպ.՝ Claudia Pascual Grau, դեկտեմբերի 14, 1972(1972-12-14)[1], Սանտյագո, Չիլի)[2], չիլիացի սոցիալական մարդաբան և քաղաքական ակտիվիստ, Չիլիի Կոմունիստական կուսակցության անդամ։ 2014 թվականի մարտի 11-ին նշանակվել է Կանանց ազգային ծառայության նախարար-տնօրենի պաշտոնում և դարձել վերջին 41 տարում Կոմունիստական կուսակցության առաջին կին նախարարը[3]։ 2016 թվականի հունիսի 3-ին նա պաշտոնապես նշանակվել է Կանանց և գենդերային հավասարության նախարար[4]։
Կենսագրություն
Կլաուդիա Պասկուալը 13 տարեկանից եղել է Չիլիի կոմունիստական երիտասարդության և Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ, որոնցում եղել է շրջանային քարտուղար, Կենտրոնական կոմիտեի անդամ և կանանց հարցերով ազգային հանձնակատար։
Կլաուդիա Պասկուալը սոցիալական մարդաբանություն է սովորել Չիլիի համալսարանում։ Դասավանդել է Չիլիի տարբեր կրթական հաստատություններում՝ համալսարաններում, արհմիութենական դպրոցներում և կանանց դպրոցներում։ Եղել է Չիլիի համալսարանի ուսանողական հարցերի գրասենյակի թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման կանխարգելման ծրագրի համակարգող[5]։
2001 և 2005 թվականներին նա եղել է Սանտյագոյի շրջանի պատգամավորի թեկնածու, սակայն համապատասխանաբար 3% և 6,5% արդյունքներով երբեք չի ընտրվել[6]։ 2002-2005 թվականներին եղել է Ալեխանդրո Լիպշուցի անվան գիտական ինստիտուտի գործադիր քարտուղարը[6]։
2008 թվականի տեղական ընտրություններում նա զբաղեցնել է երկրորդ տեղը և ընտրվել Սանտյագոյի կոմունայի քաղաքային խորհրդի անդամ։ 2012 թվականի ընտրություններում նա վերընտրվել է։ Մինչև 2014 թվականի մարտի 5-ը եղել է տեղական պատգամավոր[7]։
2014 թվականի հունվարի 24-ին Չիլիի նորընտիր նախագահ Միշել Բաչելետ Կլաուդիա Պասկուալին նշանակել է Կանանց ազգային ծառայության նախարար։ Նա այդ պաշտոնը ստանձնեց որպես առաջին կոմունիստ ակտիվիստը, որը մտել է Չիլիի կառավարություն 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։
2016 թվականի հունիսի 3-ին նախագահ Միշել Բաչելետը Կլաուդիա Պասկուալին նշանակել է Կանանց և գենդերային հավասարության նախարար։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2018 թվականի մարտի 11֊ը։