«Երիտասարդ պապը» (անգլ.՝ The Young Pope), իտալա-իսպանա-ֆրանսիական դրամատիկ հեռուստասերիալ Պաոլո Սորենտինոյի, Ջուդ Լոուի և Դայան Քիթոնի մասնակցությամբ։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է տասը էպիզոդից, որոնցից յուրաքանչյուրի ռեժիսորը հանդիսանում է Պաոլո Սորենտինոն[3]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Sky Atlantic հեռուստաալիքի եթերում Իտալիայում և Գերմանիայում, հոկտեմբերի 24-ին Canal+-ի եթերում Ֆրանսիայում[4], հոկտեմբերի 26-ին C More հեռուստաալիքի եթերում Շվեդիայում, նույն ամսվա 27-ին Մեծ Բրիտանիայում, 28-ին HBO հեռուստաալիքով Լեհաստանում, իսկ հունվարի 15-ին՝ HBO-ի եթերում ԱՄՆ-ում[5]։
2016 թվականի հոկտեմբերի 20-ին լուրեր տարածվեցին երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքներն սկսելու մասին[6]։
Սյուժե
Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի 47-ամյա կարդինալ Լեննի Բելարդոն է, որը դարձել է պատմության ամենաերիտասարդ Հռոմի պապերից մեկը՝ Պիոս XIII-ը (չշփոթել նույնանուն հակապապի հետ)։ Գրավել այդ տեղը նրան թույլ տվեցին փորձառու կարդինալների միջև ծագած վեճերը։ Վերջիններս նրան ընտրել էին իբրև փոխզիջումային գործիչ՝ հույս ունենալով շահագործել Վատիկանի եկեղեցու նորընծա երիտասարդ առաջնորդին։
Լեննի Բելարդոյի մանկությունն անցել է միանձնուհի քույր Մերիի խնամակալության տակ, որը նրան դաստիարակել է իբրև ապագա հոգևորական։ Լեննի ծնողները նրան թողել են քույր Մերիի հոգածության տակ և հեռացել Վենետիկ. նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Բացի Լեննիից քույր Մերին դաստիարակել է նաև նրա բարեկամ կարդինալ Անդրյու Դյուսոլին։ Երբ Լեննին մեծանում է, քույր Մերին նրան հանձնում է ամերիկացի կարդինալ և աստվածաբան Մայքլ Սփենսերին. հենց նա էր Հռոմի Պապ ընտրվելու հավանական թեկնածուներից մեկը, սակայն մեծ ազդեցություն ունեցող կարդինալ Անջելո Վոյելլոյի հետ ունեցած ինտրիգները հանգեցրեցին Բելարդոյի ընտրությանը։
Երիտասարդ պապին կառավարելու հույսերը նոր հայրապետի կառավարման առաջին իսկ ժամերից հօդս են ցնդում։ Պարզվում է, որ Բելարդոն չափազանց կամակոր, անկախ և դաժան ղեկավար է։ Կարդինալները սարսափով սկսում են գիտակցել, որ հանգիստ կյանքն անցյալում է։
Դերերում
Հիմնական կազմ
Ջուդ Լոու, Պիոս XIII (աշխարհիկ՝ Լեննի Բելարդո), նորընծա Պապը և Նյու Յորքի նախկին արքեպիսկոպոսը
Դայան Քիթոն, քույր Մերի, միանձնուհի ԱՄՆ-ից, որը մանկատանը մեծացրել է Բելարդոյին և Դյուսոլին, օգնել Բելարդոյին դառնալ Պապ. նշանակվել է Պապի անձնական քարտուղարուհին
Սիլվիո Օրլանդո, Սրբազան Հայր կարդինալ Անջելո Վոյելլոն, թագավորական արքունիքի կառավարիչ և Սրբազան Աթոռի պետական քարտուղարը[7]