Հայրը նիգերիացի է, մայրը կիսով ռուս է, կիսով՝ նիգերիացի[3]։ Բրայան Իդովուն ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում, 3-ից մինչև 6 տարեկանը ապրել է Նիգերիայի Օվերի քաղաքում[3]։
Ակումբային կարիերա
Իդովուն Սանկտ Պետերբուրգի «Սմենա-Զենիթ» ակումբի սան է։ Բարձր մրցակցության պատճառով նա չի կարողացել տեղ գրավել «Զենիթի» հիմնական կազմում և 2010 թվականին տեղափոխվել է «Ամկար»։ 2012 թվականի մասիսի 6-ին «Թերեկ» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն թվականի ամռանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2014 թվական։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է Պետերբուրգի «Դինամո»։ Օգոստոսի 7-ին «Օրենբուրգի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը ազգային լիգայի առաջնությունում[5]։ 2014 թվականի մայիսի 12-ին Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում Իդովուն խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» կազմում[6]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Ամկար»՝ երկարաձգելով պայմանագրի ժամկետը 3 տարով[7]։ 2015/16 մրցաշրջանում Իդովուն դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[8]։
2018 թվականի ամռանը, երբ «Ամկարը» դադարեցրել է իր գոյությունը, Բրայանը դարձել է ազատ գործակալ։ Հուլիսին նա եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ[9]։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի սուպերգավաթի խաղարկության՝ մայրաքաղաքային ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում Իդովուն կատարել է իր նորամուտը թիմի կազմում[10]։ Սեպտեմբերի 18-ին թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում[11]։
Հավաքականում
2014 թվականին Իդովուն հարցազրույցի ժամանակ ասել է, որ երազում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց նաև չէր հրաժարվի խաղալ Նիգերիայի հավաքականում[12]։ 2017 թվականին որոշել է հանդես գալ Նիգերիայի հավաքականում՝ հրավիրվելով մասնակցելու ընկերական խաղերին[13]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Կրասնոդարում անցկացված Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Այնային[14]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։