«Բահադուր և Սոնա» (ադրբ.՝ Bahadır və Sona), ադրբեջանցի գրող Նարիման Նարիմանովի վեպը, որը գրվել է 1896-1898 թվականներին։ Վեպը պատմում է ադրբեջանցի Բահադուրի և հայուհի Սոնայի սիրո պատմության մասին։
Պատմություն
1896 թվականի հունվարի 31-ին Նարիմանովը դիմել է Կովկասի գրաքննության կոմիտե՝ թույլատրելու հրատարակել վեպ ադրբեջաներենով[1]։ Նույն տարվա մայիսին Բաքվում տպագրվել է վեպի առաջին մասը։ Միևնույն ժամանակ գիրքը թարգմանվել և տպագրվել է հայերեն՝ Թիֆլիսի«Մուրճ» ամսագրում[1]։ Հայ գրող Վրթանես Փափազյանը հայերեն հրատարակության ներածությունում գրել է, որ «Նարիմանովը հրապարակախոս է, գրող, մեծ ձգտումներով և էներգիայով լեցուն մարդ, ով երդվել է իրեն նվիրել իր ազգի զարգացմանը և լուսավորմանը»[2]։
1899 թվականի հունվարին Բաքվում հրատարակվել է վեպի երկրորդ մասը[1]։ 1914 թվականի սեպտեմբերի 21-ին Նարիմանովը ավարտել է «Բահադուր և Սոնա» պիեսի աշխատանքները[3]։ 1915 թվականի սեպտեմբերի 21-ին Շամախիում բեմադրվել է պիեսը։ Նարիմանովը դիմել է Կովկասի գրաքննության կոմիտե՝ ստանալու թույլտվություն պիեսը Կովկասի այլ քաղաքներում բեմադրելու համար։ Թույլտվությունը ստացել է 1915 թվականի դեկտեմբերի 31-ին[4]։
Քննադատների արձագանքներ
Գրականագետ Մամեդ Արիֆ Դադաշզադեն նշել է, որ այս վեպում Նարիմանովը առաջին անգամ ադրբեջանական գրականության մեջ նշել է, որ ազգային ատելությունը դարձել է երկու սիրահարների՝ ադրբեջանցի Բահադուրի և հայուհի Սոնայի սիրո ողբերգության պատճառ։ Նրանք ի սրտե սիրել են միմյանց՝ չկարողանալով հաղթահարել «արհեստականորեն մարդկանց կողմից ստեղծված պատնեշները, որոնք բաժանում էին միմյանց»[5]։
Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, «Բահադուր և Սոնա» վեպում Նարիմանովը ցույց է տվել, որ «արհեստականորեն ստեղծված ազգային ատելությունը խոչընդոտել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությանը»[6]։
Օպերա
1961 թվականին ադրբեջանցի կոմպոզիտոր Սուլեյման Ալեսկերովը վեպի հիման վրա գրել է «Բահադուր և Սոնա» օպերան։ Լիբրետիստներ Շիհալի Կուրբանովը և Աֆրասիյաբ Բադալբեյլին համապատասխանեցրել են ստեղծագործությունը՝ ժամանակակից օպերային պահանջներին։ Մասնավորապես, ներմուծվել է Գյանջայի հարուստ ընտանիքի կյանքը, որտեղ ցուցադրվում էր «բարձրաշխարհիկ հասարակության» կյանքը[7]։
Համանման գրականություն
Ասլը և Քերեմ — անանուն հեղինակի սիրային պատմություն, որը պատմում է ադրբեջանցի Քերեմի և հայուհի Ասլըի սիրո մասին։