Մամրիչ արևելյան (լատին․՝ Clematis orientalis), հրանունկազգիներ ընտանիքի, մամրիչ ցեղի բույս։
Նկարագրություն
4-6 մ բարձրությամբ, կիսափայտացած ցողուններով լիան է։ Բույսի բոլոր օրգանները խիտ գանգրամազմզուկապատ են կամ մերկ։ Տերևները փետրաձև են, մոխրականաչավուն, հաստավուն և կոշտ, տերևիկների ձևը և չափերը խիստ բազմազան են։ Ներքին տերևիկները սովորաբար 3-5 բլթականի են, երբեմն՝ եռամասնանի, ձվաձև, 1,5-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները հավաքված են ծոցային ոչ մեծ հուրաններում, բազմաթիվ են, դեղնավուն, արտաքինից հաճախ կարմրավուն։ Բաժակաթերթիկները 4-ն են, էլիպսաձև մինչև երկարավուն էլիպսաձև, 1,5-2,5 սմ Երկարությամբ, երկու կողմից կարճ թաղիքամազմզուկապատ, սրածայր։ Սերմնապտղիկները հասնում են 3 մմ երկարության, փետրամազմզուկապատ ելուստներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն
Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, որտեղ հանդիպում է ամենուրեք, ծովի մակերևույթից 1100-1200 մ բարձրության վրա, բացատներում, անտառեզրերում, թփուտներում, հաճախ գետահովիտներում։
Կիրառություն
Հեռանկարային է Հայաստանի չոր կլիմա ունեցող շրջանների հատկապես՝ Արարատյան դաշտի բնակավայրերի կանաչապատման համար, Երևանում և այլ բնակավայրերում հանդիպում է աննշան քանակությամբ, սակայն աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ և արագ աճով, առատորեն ծաղկում և պտղաբերում է[1]։ Մեր հանրապետությունում հանդիպում է խոնավ աճատեղերում, ինչպես նաև չոր քարքարոտ տարբեր թեքության լեռնալանջերին։ Հողի հանդեպ պահանջկոտ չէ։ Աչքի է ընկնում բարձր չորադիմացկունությամբ և ցրտադիմացկունությամբ։ Հեռանկարային է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար։ Առանձնապես բարձր գեղազարդ է աշնանը՝ պտուղների հասունացման շրջանում։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան