Առաջին վերաբնակների հուշարձան (ռուս.՝ Памятник первым переселенцам), քանդակագործական հորինվածք Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Գտնվում է քաղաքի կայարանամերձ հրապարակում։ 1943 թվականի «ՏԵ-7336» շոգեքարշի մոտ կանգնած են երեք բրոնզե քանդակներ։ Սա Կալինինգրադի մարզի միակ հուշարձան է` նվիրված 1945-1950-ական թվականներին պատերազմից ավերված տարածաշրջանի տնտեսությունը վերականգնելու համար ժամանած առաջին վերաբնակներին։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին։
Նկարագրություն
Հուշարձանը բաղկացած է 963 կգ ընդհանուր քաշով երեք բրոնզե պատկերաքանդակներից. Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ավագ լեյտենանտ, նրա կինը և նրանց փոքրիկ որդին։ Նրանց հետևում իրերով պայուսակ է։ Սպայի կրծքին երեք պարգևներ են` «Արիության մեդալ», «Մարտական ծառայություն մեդալ» և «Քյոնիգսբերգի գրավում» մեդալ։ Լեյտենանտի և նրա տիկնոջ քանդակները ստատիկ են, նրանց դեմքերն արտահայտում են անհանգստություն և կասկածանք, իսկ ահա երեխան շարժման մեջ է, ձգտում է առաջին քայլերն անել նոր երկրում, որը վիճակված է դառնալու նրա երկրորդ Հայրենիքը։
Հուշարձանի հեղինակն է կալինինգրադցի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Անդրեյ Շևցովը։ Քանդակները ձուլվել են Գուրևսկի արհեստանոցում։
Հուշարձանը կառուցելու համար միջոցները` 1,5 միլիոն ռուբլի, հատկացվել են մարզային գանձարանից։ Արձանախմբի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին։
Աղբյուրներ