«Առաջին կանաչը» (ռուս.՝ Первая зелень), ռուս գեղանկարիչ Իլյա Օստրոուխովի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1887 թվականին[1]։ Ըստ որոշ տվյալների այն ստեղծվել է 1888 թվականին[2][3]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 71 × 105 սմ։ «Առաջին կանաչը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 1468) (Մոսկվա, ՌԴ)։
Պատմություն
«Առաջին կանաչը» ստեղծագործության անդրանիկ ցուցադրությունը կայացել է 1888 թվականին Մոսկվայում։ Նույն թվականին այս կտավը հեղինակից գնել է Պավել Տրետյակովը։ Նախքան գնելը նկարը ցուցադրվել է 17-րդ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունում, որն անցկացվում էր Պետերբուրգում և Մոսկվայում։ Իլյա Օստրոուխովը նկարի վրա ստեղծման տարեթիվը գրել է 1925 թվականին, երբ պատրաստվում էր Մոսկվայում իր անհատական ցուցահանդեսին։
Նկարագիր
Իլյա Օստրոուխովի «Առաջին կանաչը» ստեղծագործությունն առանձնանում է մանրամասնորեն կառուցված կոմպոզիցիայով և դետալների մտածվածությունով։ Առաջին պլանում հեղինակը նկարել է նոր-նոր տերևակալած երիտասարդ կեչիներ, որոնք աչքի են ընկնում ինտենսիվ-կանաչ գույնով, ինչպես նաև հողը, որը պատված է հյութեղ խոտածածկույթով։ Նկարի երկրորդ պլանում Օստրոուխովը խոտածածկն ու կանաչը սակավ հագեցած գույներով է պատկերել։ Խաղաղ ջրային մակերևույթի վրա երևում է շրջակայքի ծառաբների անդրադարձը։ Գետի ժապավենը ձգվում է հեռուները և խորանում անտառի մեջ, որն ընդգրկում է բնանկարի տարածությունը։
Գնահատականներ
Խորհրդային նկարիչ և արվեստաբան Իգոր Գրաբարը նշում է, որ «Ոսկե աշուն» ստեղծագործությունից մեկ տարի անց ստեղծված այս կտավն իր վրա է սևեռել համընդհանուր ուշադրությունը՝ Իլյա Օստրոուխովին բարձրացնելով ռուս գեղանկարիչների առաջին շարք[4]։
Արվեստաբան Ֆաինա Մալցևան գրել է, որ «Առաջին կանաչը» կտավում Օստրոուխովը կրկին անդրադարձել է վաղ գարնան թեմային, սակայն այս նկարում բնության զարթոնքն առավել արտահայտիչ է պատկերված, քան 1885 թվականին վրձնած «Վերջին ձյունը» կտավում[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ