Աշոտ Բագրատունի Մսակեր (մոտ 760-826), հայոց իշխան մոտ 790 թվականից (պաշտոնապես՝ 804 թվականից), 774–775 թվականների ապստամբության նահատակ Սմբատ Բագրատունու որդին։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ «Մսակեր» մականունն ստացել է պաս չպահելու համար։
Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է Բագրատունիների կալվածքները։ 780-ական թվականներին Կամսարականներից գնել է Այրարատի Շիրակ և Արշարունիք գավառները, իր նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան։ Ձեռք է բերել նաև Մամիկոնյանների Տարոն գավառը։ Հաջողությամբ պայքարել է Ջահաֆյանների դեմ, որոնք ձգտում էին նվաճել Հայաստանը։ Ութմանիկներից նեղվող Գնունի տոհմը Աշոտ Բագրատունու հովանավորությամբ Աղիովիտ գավառից տեղափոխվել է Տայք նահանգը։ IX դարի սկզբին Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել նաև Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։
804 թ-ին խալիֆայությունը ստիպված է եղել Աշոտ Մսակերին ճանաչել որպես Հայոց իշխան։ Նա մերժել է Միջագետքի Խառան քաղաքի եպիսկոպոսի՝ քաղկեդոնականությունն ընդունելու առաջարկը։
Աշոտն իր եղբորը՝ Շապուհ Բագրատունուն, նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել Արծրունիների հետ՝ իր դուստր Հռիփսիմեին կնության տալով Վասպուրականի գահերեց իշխան Համազասպ Արծրունուն։ Ըստ պատմիչ Միքայել Ասորու՝ եղել է Բագրատունի առաջին թագավորը, քանի որ վերջինս իշխել է ինքնուրույն[2]։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 487)։
|
Աշոտ Մսակեր — նախնիներ |
---|
|
Տոհմածառ |
---|
|