Մուհամմադ մարգարեի մահվանից հետո մուսուլմանական համայնքին անհրաժեշտ նոր առաջնորդ։ Աբու Բաքրը մեքքացի հարուստ վաճառական էր, Մուհամմադ մարգարեի մտերիմ ընկերն ու զինակիցը։ Համարվում է իսլամ ընդունած առաջին տղամարդկանցից։ Մինչև Մեդինա տեղափոխվելը, բավականին մեծ ֆինանսական օգնություն էր տրամադրում մուսուլմանական համայնքին։
Մեդինայում Աբու Բաքրը ավելի մտերմացավ Մուհամմադի հետ՝ իր դստերը՝ Այիշային, կնության տալով վերջինիս։ Աբու Բաքրը ուղեկցում էր Մուհամմադին իր բոլոր ճանապարհորդությունների և ռազմարշավների ժամանակ, սակայն անձամբ երբեք չի ղեկավարել որևէ նշանավոր քաղաքական կամ ռազմական արշավ։ Իսլամական աղբյուրները Աբու Բաքրին բնութագրում են մեղմ բնավորությամբ անձնավորություն՝ զուրկ իշխանասիրությունից և փառասիրությունից։
Մուհամմադ մարգարեի մահը մուսուլմանական համայնքին կանգնեցրեց բարդ ընտրության առջև, քանի որ մարգարեի հեղինակությունը այնքան մեծ էր, որ որևէ մեկը նույնիսկ փորձ չէր արել մտածել ապագայի մասին կամ պատկերացնել կյանքը առանց Մուհամմադի, սակայն նոր առաջնորդ ընտրելը անհրաժեշտ էր։ Մուհաջիրների և անսարների երկարատև քննարկումներից հետո որոշվեց ումմայի նոր առաջնորդ ընտրել Մարգարեի զինակիցներից Աբու Բաքրին. ավանդությունը վկայում է, որ Մուհամմադը ևս Աբու Բաքրին տեսնում էր որպես իրեն հաջորդ և պատահական չէ, որ իր՝ հիվանդ եղած ժամանակ, աղոթքի ժամանակ հենց նրան էր նշանակել՝ իրեն ներկայացնելու համար։ Աբդալլահ իբն Օսման Աբու Բաքր ալ-Սադիկը դարձավ առաջին խալիֆը և սկսվեց ուղղահավատ խալիֆների կառավարման շրջանը։
Աբու Բաքրը՝ խալիֆ
Գլխավորելով մուսուլմանական համայնքը՝ Աբու Բաքրը բավականին համեստ կյանք էր վարում, ընդգծելով, որ ինքը ուղղակի համարվում է մարգարեին տրված ուխտերի կատարողը։ Աբու Բաքրը կառավարեց ընդամենը երկու տարի, բայց այս երկու տարում նրան լուրջ փորձություններ էին սպասվում, քանի որ Մուհամմադի մահը առաջ էր բերել խռովություններ։Մեքքայից և Մեդինայից հեռու գտնվող շրջաններում ակտիվացել էին կեղծ-մարգարեները ՝ Տուլեյհը, Սաջահը, Մուսեյլիմը։ Այս պայմաններում Աբու Բաքրը ստիպված էր վճռականություն և նույնիսկ կոպտություն ցուցաբերել իսլամի միակությունը և ամբողջականությունը պահպանելու համար։ Արևելյան ցեղերը, որոնք հրաժարվում էին վճարել սադակը, շարժվում են դեպի Մեդինա՝ կեղծ-մարգարե Սաջահի գլխավորությամբ։ Մուսուլմանները հետապնդում և ջախջախում են ապստամբներին, իսկ ինքը Սաջահը փախչում է Իրան, որտեղ հետագայում ընդունում է իսլամ։ Այնուհետև ջախջախվեց Տուհեյլը և հպատակեցվեց արաբական հարավը՝ մինչև Օման և Հադրամաութ, և վերջապես մուսուլմանական բանակը հռչակավոր հրամանատար Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ պարտության մատնեց Մուսեյլիմի ջոկատներին, իսկ ինքը Մուսեյլիմը սպանվեց։ Այս պայքարում ընկան երեսուն հաֆիզներ (մարդիկ, ովքեր անգիր հիշում էին Ղուրանը), որից հետո Աբու Բաքրը հրամայեց, որ հաֆիզները ոչ միայն անգիր հիշեն, այլ նաև թելադրեն Սուրբ գրության արժեքավոր հատվածները։
Ավարտելով պայքարը Մուսեյլիմի դեմ՝ Խալիդ իբն Վալիդը խալիֆի հրամանով շարժվեց դեպի Եփրատ, պարտության մատնելով Իրանիշահին շղթաների մարտում և գրավեցին Հիրան ՝ Լախմիներիմայրաքաղաքը։ Պաղեստինում Խալիդը բյուզանդական բանակին պարտության մատնեց Աջնադայնի մոտ. այս հաղթանակը ճանապարհ բացեց դեպի Սիրիա։ Իր զորքերի հաջողությունների շնորհիվ Աբու Բաքրը ստացավ Սիրիայի նվաճող մականունը, սակայն Աբու Բաքրին վիճակված չէր տեսնել իսլամի տարածումը Արաբիայի սահմաններից դուրս։ Նա հիվանդացել էր մինչև Աջնադայնի ճակատամարտը և շուտով մահանում է՝ ապրելով վաթսուն երեք տարի. այնքան, որքան մարգարեն։ Նրան հուղարկավորել են Մուհամմադ մարգարեի կողքին՝ Մարգարեի մզկիթում։ Մահանալուց առաջ Աբու Բաքրը հասցրել էր իրեն հաջորդ նշանակել Օմար իբն Խատտաբին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։