«Speechless», երգ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի «The Fame Monster» երրորդ մինի-ալբոմից։ Երգչուհին երգը նվիրել է իր հորը՝ Ջոզեֆ Ջերմանոտին, որը սրտի արատի բուժման լրջագույն վիրահատության է ենթարկվել։ Երգչուհին նաև երգը հղում է բոլոր դեռահասներին, որպեսզի նրանք մտածեն իրենց ծնողների մասին։ «The Fame Monster» ալբոմի համատեքստում Գագան երգն անվանել է իր «հրեշի վախը մահից»[1]։
Նախապատմություն
2009 թվականի նոյեմբերին Գագան հարցազրույց է տվել MTV-ին, որտեղ պատմել է, որ իր հայրը՝ Ջոզեֆ Ջերմանոտը, 15 տարի սրտի արատ է ունեցել։ «Նա արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ուներ և երկար ժամանակ նրա մարմին մղվում էր անհրաժեշտ արյան միայն մեկ երրորդը՝ սրտի յուրաքանչյուր բաբախման ժամանակ»,- ասել էր երգչուհին և հետո ավելացրել․
Եվ հետո նա որոշել է, որ չի կատարի վիրահատություն և ասացել մորս և ինձ, որ նա որոշել է՝ թող ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է։ Մայրս զանգեց ինձ, իսկ ես արդեն շատ էի ճնշված։ Եվ ես շրջագայության մեջ էի և չէի կարող հեռանալ, ուստի գնացի ստուդիա և գրեցի այս «Speechless» երգը: Հայրս մի քիչ ալկոհոլ խմելուց հետո զանգահարեց ինձ, և ես չգիտեի ինչ ասել: Ես թմրած էի և պարզապես վախենում էի, որ կկորցնեմ նրան և չեմ կարողանա այնտեղ լինել: Ես գրել եմ այս երգը որպես խնդրանք նրան[1]։
— Լեդի Գագա
Խնդրանքն այն էր, որ արտիստի հայրը սրտի բաց վիրահատություն կատարի, որն անհրաժեշտ էր նրա ապաքինման համար[2]։ 2009 թվականի հոկտեմբերին Գագան հայտարարել է, որ Ջոզեֆը վիրահատվել է։ «Հայրս այսօր սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Այսքան երկար ժամերից և այդքան արցունքներից հետո նրանք վերջապես բուժեցին նրա կոտրված սիրտը, և իմը նույնպես»,- գրել է երգչուհին Twitter-ի իր պաշտոնական էջում[3]։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ հույս ունի, որ երգը կոգեշնչի իր երիտասարդ երկրպագուներին գնահատել իրենց ծնողներին: «Ես շատ հաճելի, երիտասարդ և խնդրահարույց երկրպագուներ ունեմ, բայց ուզում եմ հիշեցնել նրանց, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ընդամենը երկու ծնող»,- հավելել է Գագան[3]։
Երաժշտություն և բառեր
Երաժշտական տեսանկյունից «Speechless»-ը փաուեր բալլադ է[4], 1970-ականների ռոք երաժշտության ազդեցությամբ[5], բլյուզ-ռոք[6], գլամ-ռոք[7] և քանթրի[4]։ Երգի երաժշտական ոճը մոտ է Դևիդ Բոուիի «Ziggy Stardust» ալբոմի ժամանակներին[7], Queen[8] և P!nk[9]։ Դրանում առկա են վոկալ ներդաշնակություններ և ռիֆեր, որոնք, PopMatters-ի կարծիքով, համադրելի են Ֆրեդի Մերկուրիի և Queen-ի ստեղծագործությունների հետ[8]։ Երգը ձայնագրված է միայն կենդանի գործիքներով՝ հարվածային գործիքներ, կիթառներ, բաս։ Գագան ձայնագրել է դաշնամուրի մի մասը։ Երգի պրոդյուսերներն են եղել Գագան և Ռոն Ֆեյրը, վերջինս զբաղվել է նաև կոմպոզիցիայի երաժշտական ինժինիրինգով[10]։ Ձայնագրված է 4/4 չափով, րոպեում 76 հարված տեմպով, երգը ունի C մաժոր տոնայնություն[11]։ Հիմնական ներդաշնակ հաջորդականությունը ներկայացված է C-G / B-Am-G-F ակորդներով[11]։
Քննադատության արձագանքը
«Speechless»-ը խառը արձագանքներ է ստացել երաժշտական մամուլում։ The Observer-ից Քիթի Էմփայրը երգին բացասական գնահատական է տվել՝ ասելով, որ բալլադները Գագայի «թույլ կետն» են[12]։ PopMatters-ից Էվան Սոուդեյը նշել է Queen խմբի երգի և երաժշտության նմանությունը՝ հավելելով «չնայած այն հանգամանքին, որ արդյունքը չի տալիս նույն տպավորությունը, ինչ Queen-ի աշխատանքները, երբ նրանք գտնվում էին իրենց կարիերայի գագաթնակետին, իմիտացիան ուշագրավ է, եթե, իհարկե, հնարավոր լինի խուսափել նման սրբազան ընկերության ոճին «հարմարվելու» թեմայի շահարկումից»[8]։ Slant Magazine-ից Սալ Սինքուեմանին երգը անվանել է «կտրված» «The Fame Monster» ալբոմի մնացած նյութից, «ոչ թե այն պատճառով, որ դա վատ երգ է կամ վատ է կատարվել, այլ այն պատճառով, որ, ինչպես The Fame ալբոմում, երբ Գագան փորձում է ցույց տալ իր փափուկ կողմը, դրանում ինչ-որ անկեղծություն է զգացվում, ի տարբերություն մնացած նյութի»[6]։ Allmusic-ի Սթիվեն Թոմաս Էրլվայնը երգի վերջաբանը նկարագրել է որպես «ցինկապատ Եվրոթրեշային ավարտ», կիթառի պարտիայով, որը հնչել է Oasis-ի կիթառահար Նոել Գալագերի ստեղծագործությունների ոճով[13]։
Երգի առևտրային հաջողությունը
Չնայած այն հանգամանքին, որ երգը չի թողարկվել որպես սինգլ, այն հայտնվել է մի քանի երկրների հիթ-շքերթներում։ «Speechless»-ը ԱՄՆ-ում հասել է Billboard Hot 100 9-րդ հորիզոնականում 2009 թվականի դեկտեմբերի 12-ին[14]։ 2010 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգը կատարելուց հետո նա գլխավորել է Hot Singles Sales ֆիզիկական կրիչների սինգլների վաճառքի աղյուսակը՝ յոթ հազար իրացված օրինակով, դառնալով Գագայի առաջին հիթ-շքերթի երրորդ հորիզոնականը։ Ստեղծագործությունը վաճառվել է նաև 13 հազար օրինակով թվային տպաքանակով[15]։ Nielsen Soundscan-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վաճառվել է երգի 197 հազար թվային օրինակ[16]։ «Speechless»-ը զբաղեցրել է Canadian Hot 100 կանադական հիթ-շքերթի 67-րդ հորիզոնականը[17]։ Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում UK Singles Chart կոմպոզիցիան մեկնարկել է 106-րդ հորիզոնականից՝ հիմնվելով միայն The Fame Monster ալբոմի թվային պատճենների վաճառքի վրա։ Հաջորդ շաբաթ երգը լքել է աղյուսակը, բայց ավելի ուշ վերադարձել է և հասել 88-րդ հորիզոնականին 2009 թվականի դեկտեմբերի 27-ին[18]։
Ձայնագրության հեղինակներնու մասնակիցներ
Լեդի Գագա - տեքստ և երաժշտություն, դաշնամուր, պրոդյուսեր, վոկալ