SSJ 100-ի ավիավթարը «Շերեմետևո» օդակայանում, 2019 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած ավիավթար։ Սուխոյ Սուպերջեթ 100 օդանավն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, բայց բորտում բռնկված հրդեհի պատճառով օդանավի անձնակազմն ստիպված էր վերադառնալ Շերեմետևո օդանավակայան[3]։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը վնասվել է. թիթեղվածքն այրվել է։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 41 մարդ[4], ուղևորներից շատերն ստացել են վնասվածքներ[5]։
Ինքնաթիռ
Աերոֆլոտ ընկերության Սուխոյ Սուպերջեթ 100 ինքնաթիռն (գործարանային համարը՝ 95135) արտադրվել է 2017 թվականի հունիսին[6]։ Առաջին թռիչքն իրականացվել է 2017 թվականի հունիսի 21-ին։ 2017 թվականի սեպտեմբերին հանձնվել է «Աերոֆլոտ» ընկերությանը[7]։ Վերջին ստուգումն անցել է 2019 թվականի ապրիլին։
Ավիավթար
2019 թվականի մայիսի 5-ին RA-89098 բորտային համարով SSJ-100 ինքնաթիռն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ կանոնավոր չվերթը[8]։ Flightradar24 կայքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից թռել է 18:03 UTC+3: Թռիչքից 8 րոպե անց (18:11 UTC+3) ինքնաթիռի բորտում տեղադրված ռադիոտեղորոշման սարքավորումը հայտնեց 7600 կոդը (կապը կորցնելու), այնուհետև՝ 18:25 UTC+3, սարքավորման կոդը փոխվեց՝ դառնալով 7700 (վթարային կամ այլ անսպասելի իրավիճակ)։ 5 րոպե անց՝ 18:30, ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց՝ ուղղություն վերցնելով դեպի մեկնարկային կետ։ Ըստ նախնական տվյալների՝ կոշտ վայրէջքի հետևանքով կոտրվել են օդանավի հենակները, ինչի արդյունքում ինքնաթիռի բաքերը վնասվել են, սկսվել է վառելիքի արտահոսք, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի ետնամասում բռնկված հրդեհի։ Հրդեհի արդյունքում ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացել է[9][10]։
Ուղևորները տարհանվում էին ինքնաթիռի ցռուկային մասում գտնվող վթարային օդանավասանդուղքների միջոցով։ Ընդ որում՝ ըստ ականատեսների վկայությունների՝ որոշ ուղևորներ, չնայած օդանավի անձնակազմի հրահանգներին և հորդորներին, իրենց հետ վերցնում էին ձեռնածանրոցը՝ այդպիսով խոչընդոտ ստեղծելով այլ ուղևորների ելքի համար[11]։
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ բաց հրդեհը մեկուսացվել է 18:48 UTC+3: Հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, ովքեր գտնվում էին ինքնաթիռում[12]։
Հետաքննություն
Դեպքի առթիվ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի՝ Մոսկվայի միջշրջանային քննչական մարմնի կողմից քրեական գործ է հարուցվել՝ օդային տրանսպորտի շահագործման և անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, ինչը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան (ՌԴ ՔՕ հոդված 263 մաս 3)։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ հետագա հետաքննության նպատակով փոխանցվել է քրեական գործը փոխանցվել է գերատեսչության կենտրոնական ապարատին[13][14]։
Ավիավթարի պատճառներ
Ըստ նախնական տվյալների՝ վթարային վայրէջքն իրականացվել է կայծակի պատճառով, որը հարվածել էր ինքնաթիռին[15]։ Մեկ այլ տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել, բայց հենակները կոտրվել են՝ դառնալով հրդեհի պատճառ[16]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ