Ֆելդքիրխն (գերմ.՝ Feldkirch, ալեմանյան բարբառ՝ Fealdkirch, Vêalkl), Ավստրիայի արևմուտքում գտնվող հին քաղաք, որը գտնվում է Ֆորարլբերգ դաշնային հողում[3]։ Գտնվում է Հռենոս գետի Իլ վտակի վրա։ Ավստրիայի ծայր արևմուտքում գտնվող քաղաք է, որը հեռու է Լիխտեյնշտայնից ընդամենը 3 կիլոմետր։ Ըստ 2001 թվականի տվյալների բնակչության թիվը կազմում է 28.607 մարդ։ Ֆելդքիրխը մեծությամբ երկրորդն է Ֆորարլբերգի քաղաքների մեջ` Դորնբիրնից հետո, բնակչության թվով գերազանցում է գավառի կենտրոն Բրեգենցին։
Աշխարհագրություն և տրանսպորտ
Քաղաքը գտնվում է Բրեգենցից 35 կիլոմետր հեռավորության վրա, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 660 կիլոմետր դեպի արևմուտք։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 458 մետր բարձրության վրա։ Վարչականորեն քաղաքը բաժանվում է 7 շրջանի։ Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդի ուղղությամբ (այն կապում է Ֆորալբերգը և Տիրոլը)։ Գնացքով Վիեննայից Ֆելդքիրխ կարելի է հասնել 5,5 ժամում, Բրեգենցից` 30 րոպեում։ Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից։
Պատմություն
Ֆելդքիրխն առաջին անգամ հիշատակվում է 830 թվականին, որպես Վելդկիրիխում։ 1190 թվականին քաղաքը պատկանել է Մոնֆոր դուքսին։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1218 թվականին[4]։ 1375 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ։ 1697 թվականին քաղաքը զգալիորեն տուժել է խոշոր հրդեհից, սակայն հրդեհից փրկված հին տների մեծ մասը գնահատվում է մինչև օրս։
Տեսարժան վայրեր
- Շաթենբուրգի ամրոց - կառուցվել է քաղաքի հանդեպ խոյացող լեռան վրա՝ 1260 թվականին։ Այն եղել է Մոնֆոր դքսերի նստավայրը։ Ֆորալբերգի հին պալատներից ամենամեծն ու լավ պահպանվածն է։ Այժմ այդտեղ գտնվում է երկրագիտական թանգարան։
- Սուրբ Նիկողայոսի տաճար - կառուցվել է 1478 թվականին գոթական ոճով, հին տաճարի տեղում։ Սուրբ Աննայի խորանը (1521 թվական) կառուցվել է քաղաքի բնակիչ` գեղանկարիչ և քանդակագործ Վոլֆ Հուբերի կողմից։
- Քաղաքային խորհուրդի շենքը - կառուցվել է 1493 թվականին։ Ճակատը զարդարված է որմնանկարներով։
- Քաթցենթուրմ կամ Կատուների աշտարակ - միջնադարի ամենահայտնի և ամուր պահպանված 4 աշտարակներից մեկն է։ Կառուցվել է 1507 թվականին։
Մշակույթ
2003 թվականից Ֆելդքիրխում անց է կացվում ավստրիական պոեզիայի մրցանակաբաշխությունը, որի հաղթողին շնորհվում է Ֆելդքիրխի մրցանակ։
Կրթություն
Միջնադարում քաղաքն ուներ կրթական խոշոր կենտրոնի համբավ։ 1649 թվականին քաղաքում հիմնադրվել է ճիզվիտական ուսումնարան, որը հայտնի էր Ստելլա Մատուտինա (Առավոտյան աստղ) անվանումով։ Ուսումնարանը որպես Ֆելդքիրխի Բունդեսգիմնազիա գործում է առ այսօր։ 1875-1876 թվականներին այդտեղ սովորել է Արթուր Կոնան Դոյլը։ Բունդեսգիմնազիայից բացի Ֆուլդքիրխում կան նաև 7 մեծ ուսումնական կենտրոններ։
Սպորտ
Քաղաքում է գործում ավստրիական ուժեղագույն հոկեյի ակումբներից մեկը՝ Ֆելդքիրխը։
Քաղաքական իրավիճակ
2005 թվականին քաղաքապետ է ընտրվել Վիլֆրիդ Բերխթոլդը (Ավստրիական ժողովրդավարական կուսակցություն)։
Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 36 անդամից[5].
- ԱԺԿ-ը՝ 24 տեղ
- ԱՍԴԿ-ը՝ 5 տեղ
- Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ
- Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)՝ 2 տեղ։
Նկարագրություն
-
Շաթենբուրգի ամրոցը
-
Սուրբ Նիկողայոսի տաճարը
-
Քաթցենթուրմ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Քաղաքային կայք Արխիվացված 2017-06-16 Wayback Machine