Քրոմիտ, շպինելների խմբի օքսիդային միներալ, երկաթի և քրոմի օքսիդ՝ FeCr2O4: Երկաթի որոշ քանակ կարող է տեղակայվել մագնեզիումով առաջացնելով մագնեզիոքրոմիտի պինդ լուծույթ՝ MgCr2O4[6]: Ալյումինի ատոմներով տեղակայվելու արդյունքում առաջանում է հերցինիտ՝ FeAl2O4[7]:
Այսօրվա դրությամբ քրոմիտը մետաղական քրոմ ստանալու համար ամենակարևոր արդյունաբերական միներալն է։ Մետաղական քրոմն օգտագործվում է չժանգոտվող պողպատների մեջ որպես լեգիրացնող բաղադրիչ։
Տարածվածություն
Քրոմիտը հանդիպում է երկրակեղևի շերտավորված ուլտրամաֆիկ ինտրուզիվ ապարներում[8]։ Բացի դրանից հանդիպում է նաև այնպիսի մետամորֆ ապարներում, ինչպիսին է սերպենտինիտը։ Քրոմիտի հանքաքարի շերտերը կազմավորվում են որպես ավելի վաղ կազմավորված մագմային ածանցյալներ։ Սովարաբար կապված են լինում նույն էտապում ձևավորված օլիվինի, մագնետիտի, սերպենտինի և կորունդի հետ։
Աշխարհում քրոմիտի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բուշվելդ անունով այդ հսկայական հրաբխային համալիրը կազմված է մի քանի շերտերից բաղկացած մաֆիտներից և ուլտրամաֆիտներից, որոնց 90%-ը քրոմիտ է[9]։
Քրոմի ապարները միայն քրոմիտն ու մագնեզիոքրոմիտն են։ Տնտեսական երկրաբանությունը քրոմիտ է անվանում քրոմիտ-մագնեզիոքրոմիտ ամբողջ շարքը՝ FeCr2O4, (Fe,Mg)Cr2O4, (Mg,Fe)Cr2O4 և MgCr2O4[4]: Քրոմիտից ստացվող հիմնական արտադրանքը մետաղական քրոմն ու ֆերոքրոմն են։ Դրանց ստացման համար ապարի հալեցման պրոցեսները միմյանցից էականորեն տարբերվում են։ Ֆերոքրոմ ստանալու համար քրոմիտային ապարը վերականգնում են ալյումինով ալյումինաթերմիայի եղանակով։ Իսկ մաքուր քրոմ ստանալու համար երկաթն առանձնացնում են քրոմից երկու փուլով՝ թրծում և տարալվացում[11]։
Քրոմիտն օգտագործվում է որպես հրակայուն նյութ, քանի որ ունի բարձր ջերմադիմացկունություն[12]։
Քրոմիտից ստացված քրոմն օգտագործվում է այնպիսի կոռոզիադիմացկուն համաձուլվածքների քրոմացման ու լեգիրման համար ինչպիսիք են նիքրոմը և չժանգոտվող պողպատը։ Այն օգտագործվում է նաև որպես ներկանյութ ապակու, ներկերի արտադրությունում, որպես օքսիդիչ օգտագործվում է կաշվի դաբաղման համար[13]։ Ինչպես նաև գտագործվում է որպես զարդաքար[14]։
Հանքավայրեր
2002թվականին արդյունահանվել է 14 600 000 տոննա քրոմիտ, որից 44% Հարավային Աֆրիկա, 18% Հնդկաստան[15], 16% Ղազախստան, 5% Զիմբաբվե, 4% Ֆինլանդիա, 4% Իրան և Բրազիլիան մի քանի այլ երկրների հետ կազմում են քրոմիտի համաշխարհային արդյունաբերության 10%-ից ավելի քիչ բաժինը[16][17]։ Աֆղանստանում առկա է բարձրորոկ քրոմիտային հանքի նշանակալի պաշար, որն ապօրինի ճանապարհով արդյունահանվում է Խոստ գավառում և մաքսանենգ ճանապարհով հանվում է երկրից[18]։
Վերջին շրջանում քրոմիտի հանքաքարի խոշորագույն սպառողը Չինաստանն է, որը հանքը ներկրում է Հարավային Աֆրիկայից, Պակիստանից և այլ երկրներից։ Խտանյութը օգտագործվում է ֆերոքրոմի արտադրության համար, որն էլ իր հերթին օգտագործվում է չժանգոտվող պողպատի և այլ համաձուլվածքների համար[19]։
2010 թվականի ապրիլին Օնտարիոյի կառավարությունը հայտարարեց[20], որ երկրի հյուսիսային մասում գտնվող Հրե օղակ կոչվող շրջանում շահագործման է հանձնելու քրոմիտի մեծ հանքավայր, բայց հետո այդ գործընթացը դադարեցվեց[21]։