Տրիկալա (հուն․՝ Τρίκαλα), քաղաք Հունաստանում՝ Թեսալիայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է ծովի մակարդակից 115 մ բարձրութան վրա՝ Թեսալիայի արգավանդ հարթավայրում, Պինյոսի ձախ ափին։ Քաղաքը գտնվում է Լարիսայից 56 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 244 կմ հյուսիս-արևմուտք։ Տրիկեյ համայնքի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 61,653 մարդ է։
Քաղաքում գործում են տեքստիլի, սննդի, ծխախոտի, կաշվի-կոշիկի, փայտամշակման և մետաղամշակման ձեռնարկություններ։
Քաղաքով է անցնում ազգային 6-րդ ճանապարհը, եվրոպական E92 ճանապարհի հատվածը և ազգային 30-րդ ճանապարհը։ Քաղաքում գործում է երկաթուղային «Տրիկալա» կայարանը, որ գտնվում է Պալեոֆարսալոս-Կալամբակա ճանապարհին։
Պատմություն
Հին Թեսալիայի Տրիկա (հուն․՝ Τρίκκη, լատին․՝ Tricca) ամրացված քաղաքը հիշատակել է դեռևս Հոմերոսը իր «Իլիական» պոեմում[1]։ Այն հիշատակել են նաև ավելի ուշ շրջանի հեղինակները։ Քաղաքը գտնվել է Լիթեոսի ձախ ափին՝ Հոմֆ բնակավայրից արևելք՝ այն շրջանում, որ նախկինում կոչվել է Դորիդա, իսկ ավելի ուշ՝ Հեստիեոտիդա (հին հունարեն՝ Ἑστιαιῶτις ή Ἱστιαιῶτις)[2][3]։ Սա եղել է երեք արգոնավորդների հայրենիքը, ինչպես նաև Ասկլեպիոսի հավանական ծննդավայրը։ Քաղաքից ոչ հեռու՝ Պինդոսի ստորոտին է գտնվել բժիշկ-աստված Ասկլեպիոսի տաճարը՝ իր տեսակով բժշկական մի կենտրոն, որտեղ նաև կրոնական պաշտամունք է եղել[4][5][6]։
Տրիկալան իր ներկայիս անունը ստացել է թուրքերից և գրեթե չորս դար՝ 1411-1826 թվականներին, դարձել օսմանյան Ռումելիա նահանգի կենտրոնը։ Ավելի ուշ՝ 1826—1867 և 1873—1881 թվականներին, մտել է Բիտոլի վիլայեթի մեջ, 1867-1873 թվականներին այն նաև եղել է Սալոնիկի վիլայեթի կենտրոնը։ Անկախ Հունսատանին քաղաքը միավորվել է 1881 թվականին Բեռլինյան պայմանագրով։ Սակայն 1897 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ ապրիլի 28-ին Տրիկալան դարձյալ նվաճվել է թուրքերի կողմից և մոտ վեց ամիս եղել նրա տիրապետության տակ։
Պինդոսի իշխանության գոյության ժամանակ իշխանության պետական հավաքները կազմակերպվել են Տրիկալեում։
Տեսարժան վայրեր
Քաղաքում պահպանվել են Ասկլեպիոսի տաճարի ավերակները[5]։ Այստեղ պահպանվել են նաև հելլենիզմի ու հռոմեական շրջանի հուշարձաններ, այդ թվում՝ խճանկարներ, բաղնիքներ, ստոաներ։ Քաղաքը՝ նախկին ակրոպոլիսի տեղում կառուցված և իշխող դիրք ունեցող բյուզանդական ամրոցով, Լիթեոս գետով, որը Պինյոսի վտակն է, բաժանվում է երկու մասի[7][8]։ «Նոր» քաղաքում հետաքրքիր են Սուրբ Դիմիտրի Սոլունացու և սուրբ Անարծաթասերների եկեղեցիները։