Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։
Կենսաբանական նկարագիր
Տաքդեղ Բուսաբանական նկարազարդումը
Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։
Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։
Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։
Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։
Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։
Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։
Կիրառություն
Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։
Սորտեր
Տաքդեղը ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ։ Հայաստանում շրջանացված սորտերից են՝
Բուլղարական 70,
Փղի կնճիթ,
Կայենսկի,
Մոլդավիայի նվեր,
Անի,
Նուշ,
Հայկական կլոր,
Նորք և այլն։
Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ՝ երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը՝ Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից՝ Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։
Մշակություն
Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-13 ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 25, գիշերը 15-18: 11-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ 0.5 °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր՝ աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ։
Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար՝ 30 սմ, իսկ կծու սորտերի համար՝ 20 սմ հեռավորությամբ։
Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում՝ արմատավզիկից 12 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 45 քաղհան փխրեցում։
Դասակարգում
Տաքսոնոմիա
Դասը մտնում է Solanoideae ենթաընտանիքի, Solanaceae ընտանիքի, {{bt-armlat|Solanales}} կարգի մեջ։
↑Русское название таксона — согласно следующему изданию: Шрётер А. И., Панасюк В. А. Словарь названий растений = Dictionary of Plant Names / Межд. союз биол. наук, Нац. к-т биологов России, Всерос. ин-т лек. и ароматич. растений Рос. сельскохоз. академии; Под ред. проф. В. А. Быкова. — Koenigstein: Koeltz Scientific Books, 1999. — С. 144. — 1033 с. — ISBN 3-87429-398-X.
↑Eduardo A. Moscone et al.: The Evolution of Chili Peppers (Capsicum — Solanaceae): A cytogenic Perspective. In: D.M. Spooner et al. (Hrsg.): Solanaceae VI: Genomics Meets Biodiversity, ISHS Acta Horticulturae 745, Juni 2007. ISBN 978-90-6605-427-1. Seiten 137—169.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։