Վիշապանավակների տոն (Duānwǔ jié (端午节), Չինաստանի ավանդական տոներից մեկը։ Այն կոչվում է նաև «Կրկնակի հնգյակ», քանզի, համաձայն լուսնային օրացույցի, տոնը նշվում է հինգերորդ ամսվա հինգերորդ օրը[1]։ Այն լի է բազմաթիվ մրցութային ծրագրերով, որից ամենակարևորը վիշապանավակների թիավարության մրցույթն է։
Վիշապաձև նավակների տոնը նշվում է ի հիշատակ հայտնի լիրիկական պոետ Ցու Յուանի, ով իր ժողովրդի համար հետագայում դարձավ հայրենասիրության կերպար։ Օրվա ընթացքում հիմնականում ուշադրության կենտրոնում են երեխաները։ Նրանց համար ծնողները պատրաստում են ապարանջաններ և փոքրիկների ճակատին նկարում են «Արքա» իմաստ արտահայտող 王 (վան) հիերոգլիֆը։ «Ձախորդություններից խուսափելու» համար երեխաներին սովորեցնում են ինքնուրույն պատրաստել նետ ու աղեղ։ Տոնը նախանշում է ամառվա տապի սկիզբը և դրա հետ կապված հիվանդությունները։ Ուստի, տոնի կարևոր ավանդույթներից մեկն է համարվում «Չարը վանող» օշինդրից հմայլների պատրաստումը։
Չինական նավավարության մրցույթն իր տարածումը գտավ Հոնկոնգից և Թայվանից մինչև Ամերիկա` դառնալով ամենատարածված սպորտաձևերից մեկը։ 2006 թվականին տոնը ստացավ «Ազգային մշակութային ժառանգության» կոչում և 2007 թվականին իր տեղը գտավ Չինաստանի պաշտոնական տոների ցանկում։ Մինչ այդ, Վիշապանավակների տոնի ժողովրդական ավանդույթները դիտվում էին որպես սնահավատություն[2]։