Չափազանց մեծ աստղադիտակ (անգլ.՝ Extremely Large Telescope, ELT, նախկինում E-ELT, «European» բառը անունից հանվել է 2017 թվականի հունիսին), կառուցվող աստղադիտարան, որի հիմնական գործիքը կլինի 39,3 մ տրամագծով հատվածավորված հայելիներովաստղադիտակը, որը բաղկացած է 798 վեցանկյուն հատվածներից՝ յուրաքանչյուրը 1,4 մետր տրամագծով[2]։
Հայելին 15 անգամ ավելի շատ լույս կհավաքի, քան այսօր գոյություն ունեցող ցանկացած աստղադիտակ։ Աստղադիտակը համալրված կլինի 5 հայելիներից բաղկացած յուրահատուկ հարմարվող օպտիկական համակարգով, որն ի վիճակի է փոխհատուցել երկրագնդի մթնոլորտի տուրբուլենտությունը և հնարավորություն կտա ստանալ ավելի մեծ մանրամասնությամբ պատկերներ, քան Հաբլ ուղեծրային աստղադիտակը[3]։
Պատմություն
Աստղադիտակի կառուցումը նախատեսված էր ավարտել 10-11 տարում, և պետք է սկսեր 2012 թվականին։ Նախագծման արժեքը գնահատվում էր 57 մլն, իսկ շինարարությունը՝ 1,05 մլրդ եվրո[4]։ Գնաճի ազդեցությամբ 2018 թվականին աստղադիտակի արժեքը աճել է մինչև 1,23 միլիարդ դոլար, իսկ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2024 թվականը ամբողջ նախագծի արժեքը պետք է կազմի մոտ 1,47 միլիարդ դոլար։ Այս գումարի մի մասը՝ 400 մլն եվրո, ներառում է հիմնական հայելու արտադրությունը, որի արտադրության պայմանագիրը ստացել են գերմանական SCHOTT և ֆրանսիական Safran Reosc ընկերությունները։
2013 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2014 թվականի մարտին և կտևեն մոտ 16 ամիս։ Այս ընթացքում պետք է կառուցվեր ճանապարհը դեպի ապագա աստղադիտակի աշտարակ, Արմազոնես լեռան գագաթին կառուցվելու էր կրող հարթակը, ինչպես նաև խողովակների և մալուխների խրամատներ[9][10]։
2014 թվականի հունիսի 20-ին ժայռի գագաթը պայթեցվել է այն վայրում, որտեղ պետք է կառուցվեր բազմատոննանոց աստղադիտակի աշտարակը[9][11]
2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է աստղադիտակի կառուցման առաջին քարի տեղադրման արարողությունը[12]։
2016 թվականի մայիսի 25-ին Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գլխավոր գրասենյակում ստորագրվել է ցամաքային աստղագիտության պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը։ Պայմանագրի առարկան գերաստղադիտակի աշտարակի, գմբեթի և մեխանիկական մասերի կառուցումն էր, պայմանագրի մոտավոր արժեքը 400 մլն եվրո էր նախատեսված։ Դեպի ապագա աստղադիտարան տանող մայրուղին ըստ նախագծի պետք է գործարկվեր 2017 թվականին։ Ըստ Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի, չնայած ներկայիս քաղաքական իրավիճակին, Եվրոպական հարավային աստղադիտարանը բաց է միջազգային համագործակցության համար[14]։
2018 թվականի հունվարի 8-ին ավարտվել է ավելի քան հայելու 900 հատվածներից առաջին վեցի ձուլումը (798 հատված հիմնական հայելու համար և 133 պահեստային հայելային հատված)։ Արտադրական գործընթացի կայունացումից հետո ամեն օր ձուլվելու է մեկ հատված[15]։
2018 թվականի նոյեմբերին հայտնվել են Չափազանց մեծ աստղադիտակի արդեն իսկ դրված հիմքի առաջին լուսանկարները[16]։
2021 թվականի հոկտեմբերին ավարտվել են 2,4 մ տրամագծով M4 հարմարվողական հայելու բոլոր 6 հատվածները, որը երբևէ ստեղծված ամենամեծ դեֆորմացվող հայելին է[19]։