Նագալենդ[2] (հինդի՝ नागालैंड; անգլ.՝ Nagaland), Հնդկաստանի 28 նահանգներից մեկը, որ կազմավորվել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին։ Արևմուտքում սահմանակից է Ասամ նահանգին, արևելքում Բիրմային, հյուսիսում Արունաչալ Պրադեշին և հարավում ՝ Մանիպուրին։ Վարչական կենտրոնը Կոհիման է, խոշորագույն բնակավայրը՝ Դիմապուրը: Զբաղեցնում է 16.579 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի[3]։ Հնդկաստանի փոքր նահանգներից է[4]: Բնակիչների 90 տոկոսից ավելին քրիստոնյաներ են, մեծամասամբ՝ բողոքականներ: Նահանգում գործածվող պաշտոնական լեզուն անգլերենն է:
1950-ականներից նահանգում տեղի են ունեցել ապստամբություններ, ազգամիջյան հակամարտություններ: Բռնությունն ու անապահովությունը սահմանափակել են նահանգի տնտեսական զարգացումը 20-րդ դարում [5]։
Աշխարհագրություն
Նագալենդը հիմնականում լեռնային նահանգ է (ծովի մակերևույթից միջին բարձրությունը՝ 610 մետր[6]), որի ընդհանուր տարածքի 20%-ը ծածկված է բուսական ու կենդանական աշխարհների բազմազան ներկայացուցիչներով հարուստ արևադարձային և մերձարևադարձային մշտադալար անտառներով[7]։ Գլխավոր գետերն են՝ հյուսիսում՝ Դոյանգը, Դիփուն, հարավ-արևմուտքում՝ Բարակը:
Տնտեսություն
Գյուղատնտեսությունը նահանգի բնակիչների ամենակարևոր տնտեսական գործունեությունն է, ընդգրկում է նահանգի տնտեսության գրեթե մեկ քառորդ մասը[8]։ Դրան ըստ նշանակալիության հաջորդում են անտառային տնտեսությունը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, տնայնագործությունը[9][10][11]:
Գյուղացիները լեռնոտ վայրերում ոչ մեծ տարածքներում աճեցնում են սուրճ, հիլ և համանման մշակաբույսեր: Մշակվող տարածքի մոտ 80%-ում ֆերմերների մեծ մասը բրինձ է աճեցնում։ Երկրորդ տեղն զբաղեցնում է յուղատու բույսերի մշակությունը[12]:
↑Charles Chasie (2005), Nagaland in TransitionԱրխիվացված 1 Մայիս 2016 Wayback Machine, India International Centre Quarterly, Vol. 32, No. 2/3, Where the Sun Rises When Shadows Fall: The North-east (Monsoon-Winter 2005), pp. 253-264