Մեզիրե, քաղաք (անցյալում ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, պատմական Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք։ Այժմ կոչվում է Էլյազըղ (թուրքերեն՝ Elâzığ), Թուրքիայի Էլազըղի մարզի վարչական կենտրոնն է։
Անվան ստուգաբանություն
Ըստ Ն. Ադոնցի բնակավայրի անվանումը ծագում է արաբերեն մեզրե բառից, որը նշանակում է արտ։ Հ. Հյուբշմանը անվանումը կապում է հին Մազարա անվան հետ։
Անվանումներ
Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Աղավաթ-Մազասար, Էլ Ազիզ, Էլյազըգ, Էլյազըկ, Էլյազըղ, Խարբերդ Նոր, Մամուրեթյուլ Ազիզ, Մամուրեթ ուլ Ազիզ, Մարմուրաթ յուլ Ազիզ, Մամուրեթ յուլ Ազիզ, Մեզերե, Մեզիրա, Մեզրաա, Մեզրե, Մեմուրեթյուլազիգ, Մոմուրեթ ուլ Ազիզ, Միզիրա, Նոր քաղաք։ Ներկայիս անվանումը ստացել է 1937 թվականին։
Պատմություն
Բնակավայրը հիմնադրվել է 1617 թվականին Խարբերդից տեղափոխված հայերի կողմից և ստացել է Նոր Խարբերդ անվանումը։ Խարբերդի բերդից մինչև Մեզիրե կար ստորգետնյա ճանապարհ։ Մեզիրեի կառավարական շենքերը կառուցվել էին Խարբերդի բերդի քարերով։
1878 թվականից Մեզիրեն հանդիսանում էր Խարբերդ նահանգի վարչական կենտրոն։ 1866 թվականից քաղաքի պաշտոնական անվանումը Մամուրեթյուլ Ազիզ էր, որն արաբերեն նշանակում է «Ազիզի կողմից բարգավաճ դարձված»։
Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
1800-1830-ական թվականներին քաղաքն ուներ 3000 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր, 1850-ական թվականներին՝ 2000 բնակիչ, որից 1000-ը՝ հայեր, իսկ 1914 թվականին՝ 16 000 բնակիչ, որից կեսը՝ հայեր։ 1888 թվականին Մեզիրեի Քեսիրիկ, Եղեգի և Սուրսուրու արվարձաններում բնակվում էին 9546 բնակիչ, որից 7620-ը՝ հայեր, իսկ 1926-ը՝ թուրքեր։
Տնտեսություն
1969 թվականին Գրիգոր Իփեկճյանը քաղաքում հիմնադրել է մետաքսի գործարան, որի արտադրանքն արտահանվել է Մերձավոր Արևելքի շատ քաղաքներ։
Պատմամշակութային կառույցներ
Մեզիրեն ուներ Ս. Սարգիս (1832 թ.), Ս. Աստվածածին (1870 թ.), հայ բողոքականների (1887 թ.) և հայ կաթոլիկների (1889 թ.) եկեղեցիներ։
Կրթություն
Քաղաքում գործում էր Ազգային Կեդրոնական վարժարան (հիմնադրված 1892 թ.), աղջկանց վարժարան, հայկական ճեմարան (1911 թ.), ֆրանսիական (1911 թ.), գերմանական (1897 թ.) քոլեջներ, նախակրթարաններ, մանկապարտեզներ։
Անվանի մարդիկ
Մեզիրեում է ծնվել Վահան Թոթովենցը[2]։
Քաղաքի հյուսիսում գտնվում է Ալոճիձոր ձորը։ Ըստ հիշատակությունների այստեղ առատորեն աճում են սզնու (ալոճի) թփեր[3]։
Ծանոթագրություններ
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 754
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 100 — 992 էջ։
|
---|
| Քաղաքներ | |
---|
| Գյուղեր | |
---|
| Չդասակարգված գյուղեր | |
---|
| |
|