Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆեռնանդեսը սկսել է Գրեմիոյում[4]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 28-ին՝ Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2010 թվականի փետրվարի 18-ին՝ Լիգա ԳաուշուիՎերանոպոլիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ավաիի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[8]։ Ֆեռնանդեսը ամրապնդվեց Գրեմիոյի հիմնական թիմում և ակումբի կազմում անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
ԲԿՄԱ Մոսկվա
2012 թվականի ապրիլի 25-ին Գրեմիոյի նախագահը հայտարարեց, որ Ֆեռնանդեսը կտեղափոխվի ԲԿՄԱ Մոսկվա 15 միլիոն եվրոյի դիմաց[9]։ Մայիսի 4-ին բրազիլացին 5 տարվա պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ[10][11]՝ ստանալով 13 համարի մարզաշապիկը[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 21-ին՝ Ռոստովի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆեռնանդեսը անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում[15]։
2013 թվականի մայիսի 18-ին՝ Կուբանի դեմ խաղում Ֆեռնանդեսը ստացավ ծանր վնասվածք[16]՝ շարքից դուրս մնալով 6 ամսով և չկարողանալով տոնել չեմպիոնությունը ԲԿՄԱ-ի մնացած ֆուտբոլիստների հետ[17]։ 2012-13 մրցաշրջանում նա ընդգրկվեց Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում[18]։ Ֆեռնանդեսը վնասվածքից վերադարձավ 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Սոկոլ Սարատովի դեմ խաղում[21][22]։
Չեմպիոնների Լիգայում Ֆեռնանդեսը իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ռոմայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ Անժիի դեմ խաղում[24]։ 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2022 թվականը[25]։
Միջազգային կարիերա
Բրազիլիայի ազգային հավաքական Ֆեռնանդեսը առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերին՝ Արգենտինայի դեմ խաղերի[26][27] համար, սակայն նա մերժեց հրավերը «անձնական խնդիրների պատճառով»։ Իր դեբյուտը Բրազիլիայի հավաքականում նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դանիլոյին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[28]։
2016 թվականի հուլիսի 13-ին Ֆեռնանդեսը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[29], որպեսզի հանդես գա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Օգոստոսին նա հրավիրվեց Ռուսաստանի հավաքական՝ Թուրքիայի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն չմիացավ հավաքականին, քանի որ իրավասու չէր հանդես գալ մինչև 2017 թվականի ապրիլը։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[30][31]։
2018 թվականի մայիսի 11-ին Ֆեռնանդեսը ներառվեց Ռուսաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում[32]։ Հունիսի 3-ին նա ընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[33][34]։ Նա թիմի մեկնարկային կազմում անցկացրեց Ռուսաստանի բոլոր 5 հանդիպումները[35]՝ հունիսի 19-ին տալով գոլային փոխանցում Դենիս ՉերիշևինԵգիպտոսի դեմ խաղում[36]։ Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 115-րդ րոպեին Ֆեռնանդեսը դարձավ գլխով գոլի հեղինակ[37]՝ հավասարեցնելով հաշիվը և խաղը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։ Այնուամենայնիվ, հարվածաշարում նա շեղ իրացրեց իր 11-մետրանոցը[38], ինչի պատճառով Ռուսաստանը պարտվեց[39] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[40][41]։