Մաշհադ (պարս.՝ مشهد), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Քաշաֆռուդ գետի հովտում։ Վարչականորեն գտնվում է Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), հանդիսանում է դրա վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 001 184[1], բնակչությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Թեհրանից հետո։ Համարվում է Իրանի «հոգևոր մայրաքաղաքը»։
Քաղաքում է գտնվում շիա իսլամի ութերորդ իմամի՝ Ռեզայի դամբարանը և Գոհարշադ մզկիթը։ Իմամի նահատակության արդյունքում տարածքը և քաղաքը կոչվեց «Մաշհադ», այսինքն ՝ նահատակության վայր։ Տարեկան 30 միլիոն տեղացի և 1 միլիոն արտաքին ուխտագնաց այցելում են Մաշհադ։ Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը նույնպես թաղված է այդտեղ։ Ժամանակին եղել է խոշոր օազիս Մետաքսի ճանապարհին՝ Իրանից դեպի Միջին Ասիա (Մերվ և Սամարղանդ) ճանապարհին։ Զարգացած միջնադարում ղեկավարվել է մուսուլման բազմազգ նվաճողների կողմից, իսկ ուշ միջնադարում եղել է Աֆշարների մայրաքաղաքը։
Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ Երկրի հյուսիսարևելյան մասի առևտրաարդյունաբերական կենտրոնն է։ Կա մետաղամշակություն, տեքստիլ, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տնայնագործություն (փիրուզի մշակում, գորգագործություն են)։ Ունի համալսարան։ Շիա մուսուլմանների ուխտագնացության կենտրոն է։ Առաջին անգամ հիշատակվել է X դարում։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 3 001 184 մարդ, որոնք կազմում էին 914 146 տնտեսություն[1]։ Մաշհադը բնակչությամբ Թեհրանից հետո Իրանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 261)։