Հարավային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان جنوبی, Օսթան-է Խորասան-է Ջոնուբի) օսթան (նահանգ) Իրանի արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավ-արևմուտքից` Քերման և Յազդ, արևմուտքից` Սպահան, հյուսիս-արևմուտքից` Սեմնան, հյուսիսից` Ռազավի Խորասան օսթաններին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 151 193 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲768 898 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Բիրջանդ քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ Համապատասխանում է պատմական Քուհիսթան երկրամասին։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[2]։
Բնակչություն
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 600 568 մարդ` 159 255 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 662 534 մարդ, որոնք ապրում էին 183 114 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 768 898 մարդ 223 984 տնտեսություններում[5]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Բիրջանդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 203 636 մարդ), Քաենը (42 323 մարդ), Թաբասը (39 676 մարդ), Ֆերդուսը (28 695 մարդ), Նեհբանդանը (18 304 մարդ), Բոշրուեն (16 426 մարդ), Սարայանը (13 795 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 453 827 մարդ կամ օսթանի բնակչության 59%-ը[5]։