Հասմիկ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Ավետիսի Ստեփանյան (օգոստոսի 8, 1950(1950-08-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2005)։
Կենսագրություն
Հասմիկ Ստեփանյանը ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1997 թվականներին և 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող։ 1992-1993 թվականներին միաժամանակ աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում։ 1995-1998 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում և Շվեյցարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում (Ժնև)։ Կատարել է հյուպատոսի պարտականությունները։ Հասմիկ Ստեփանյանը «Հայատառ թուրքերեն գրականություն» և «Օսմանյան կայսրության մշակույթ» առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է[2]։
Աշխատությունները նվիրված են հայատառ թուրքական գրականությանը, մատենագիտությանը, պարբերական մամուլին[3][4], Օսմանյան կայսրությունում արևմտահայության ներդրմանը։
Պարգևներ
- ՀՀ նախագահի մրցանակ (2011, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատության համար)[5]
- ԱՊՀ երկրների Գրան Պրի մրցանակ (2013, Մոսկվա, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» (ռուսերեն) աշխատության համար)
Երկեր
- Գևորգ Բամպուքճյան, 2018
- Լուզինյան թագավորական տան հայ ժառանգները (հոդվածների ժողովածու). 2016։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (թուրքերեն), 2014[6]։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (ռուսերեն), 2013։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Բ. տպ., Երևան, 2012[7]։
- Հայատառ թուրքերեն գրականությունը (ֆրանսերեն), 2012։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Ա. տպ., Երևան, Գասպրինտ, 2011։
- Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրեր, Ա մաս, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2008։
- Հայատառ թուրքերէն գրքերի եւ հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1958), քառալեզու, Ստամբուլ, 2005։
- Հայատառ թուրքերեն գրականությունը։ (Աղբյուրագիտական հետազոտություն), Երևան, Երևանի համալս. հրատ., 2001:
- Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ, 1987։
- Հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտություն 1727-1968, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1985։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|