Հանդես
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանդես (այլ կիրառումներ)
|
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։
|
Հանդես, ամսագիր, պարբերական հրատարակություն, պարբերագիրք, ժուռնալ, տպագիր կամ էլեկտրոնային պարբերական հրատարակություն։ Հանդեսները կարող են լինել.
- ըստ պարբերականության՝ շաբաթական, տասնօրյա, երկշաբաթական, ամսական, երկամսյա, եռամսյա և կիսամյա։
- Ըստ բովանդակության՝ հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական, արտադրական-տեխնիկական, գիտաճյուղային, գիտամատչելի, գիտատեղեկատու, ռեֆերատիվ, մատենագիտական, երգիծաբանական, մարզական, բազմաբնույթ։
- Նախատեսված որոշակի կատեգորիայի ընթերցողների համար (մանկական, պատանեկան, կանանց և այլն)։
Նյութերի ժանրերն ու ձևերը համապատասխանում են հանդեսների բովանդակությանն ու ընթերցողական շրջանակներին։ Այսպես, հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական հանդեսներին յուրահատուկ են տեղեկատու, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրերը։ Գիտական հանդեսներին բնորոշ են ծավալուն հոդվածները, ռեֆերատները, մատենագիտական ծանոթությունները, ամփոփումները, գիտական կյանքի քրոնիկան։ Ժամանակակից հանդեսներում մեծ տեղ են գրավում ժամանցային, ճանաչողական և կիրառական բնույթի նյութերը, պատկերազարդումներն ու գեղանկարչական գործերի, ծաղրանկարների, ֆոտոէտյուդների, ֆոտոմոնտաժների վերատպությունները։ Հրատարակության չափսերի և ձևավորման ընտրությունը նույնպես պայմանավորված է պարբերականի բովանդակությամբ և ընթերցողական նպատակամղվածությամբ։ Մասսայական հանդեսներին բնորոշ են խոշոր չափսերը, արտաքին ցայտունությունն ու արտահայտչականությունը, գունավոր ու սև-սպիտակ պատկերների առկայությունը, տարբեր տառատեսակների գործածումը։ Պատմական տեղեկանք. հանդեսի նախատիպն է համարվում 1665-ին Ֆրանսիաում լույս տեսած «Ժուռնալ դե Սավան» («Journal des savans»)։ Նույն տարիներին հանդեսներ են սկսում հրատարակվել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իսպանիայում։
Հայ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է հանդեսների հրատարակությամբ։ Քաղաքական ու պատմական աննպաստ պայմանների բերումով հայկական հանդեսները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս՝ Հնդկաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում և այլուր։
Տարբեր բովանդակության ու պարբերականության այս հանդեսները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկական պետականության ստեղծման ճանապարհին։ Հայ իրականության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Մադրասում (Հնդկաստան) հրատարակված «Ազդարար» (1794—96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը։ Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազմավեպ» (1843 թվականից, Վենետիկ), «Մեղու»-ն (1856—74-ին, Կոստանդնուպոլիս), «Հյուսիսափայլ»-ը (1858—64-ին, Մոսկվա), «Արարատ»-ը (1868—1919-ին, Վաղարշապատ), «Սիոն»-ը (1866 թվականից, Երուսաղեմ), «Մասիս»-ը (1884—1908-ին, Կոստանդնուպոլիս), «Հանդես ամսօրյա»-ն (1887 թվականի Վիեննա), «Անահիտ»-ը (1898—1949, ընդհատումներով, Փարիզ), «Գեղարվեստ» հանդեսը (1908-21-ին, Թիֆլիս)[1][2] և այլն։ Խորհրդային ժամանակաշրջանում հայ մշակույթի կենտրոնը դարձավ Երևանը, որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի բազմաթիվ հանդեսներ։ Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական-քաղաքական հագեցվածությամբ Հայաստանի և սփյուռքի հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում են ունեցել[փա՞ստ], «Խորհրդային գրականություն» (1934-ից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958-ից), «Խորհրդային արվեստ» (1926-ից), «Գարուն» (1967-ից), «Պիոներ» (1923-ից), հանդեսները։ Սփյուռքում, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում հանդեսները փորձել են կատարել հայապահպանման, նոր սերընդին հայեցի դաստիարակություն տալու դերակատարում։ Առանձնացել են «Մենք» (1931—1932, Փարիզ), «Անի» (1946-56-ին, Բեյրութ), «Նոր գիր» (1936—54-ին, Ֆրեզնո), «Շիրակ» (1956-ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք» (1947-ից, Վենետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից, Բեյրութ) և այլ հանդեսներ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 218)։
|
|
|