Հայկյան տոմար կամ Հին հայկական տոմար, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ։
Պատմություն
Մ.թ.ա. III հազարամյակի կեսերից հին աշխարհում սկսվել են մարդկության զարգացման պատմության, այսպես կոչված <Քաղաքային հեղափոխության> փուլերը, որն իրենից ներկայացրել է մի շարք գյուղական և ավանային բնակավայրերի վերափոխվելն առավել կատարելագործված կառավարման և արտադրողական համակարգ ունեցող Քաղաքային բնակավայրերի։ Այս իրապայմաններից ելնելով նաև փոխվել է հասարակարգային հարաբերությունները և նախկին տոհմավագային ու քրմապետական հասարակարգերին սկսել են փոխարինել Քաղաք պետությունները /այն հատկապես ցայտուն սկսել է դրսևուրվել մ.թ.ա. 2500-ից Եգիպտոսում և Միջագետքում/:
Այդ ժամանակաշրջանով է պայմանավորված Հին Եգիպտոսում աստղագիտության զարգացումը և նրա հետ կապված օրացույցի կամ տոմարի ստեղծումը։ Նույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի առաջին արժանահավատ քաղաք բնակավայրը համարվող <Մեծամորի> հնավայրում նունպես պեղվել է աստղադիտարանի շինություններ, որտեղ իրականացվե են երկնային մարմինների ուսումնասիրություններ և հավանաբար Եգիպտոսի օրինակով ստեղծվել առաջին Հայկյան օրացույցը կամ տոմարը։
Հայերը սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։
Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է մ.թ.ա. 2492, այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց։
Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։
Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։
1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահմանադրության նախագծում՝ Որոգայթ փառացում, 103-րդ հոդվածում նա հետևյալ կերպ է պատճառաբանում Հայաստանում Հայկյան տոմարի հրաժարվելը[2].
Հայ ազգի կյանքում ընդունվարծ էր, որ տարեմուտն ընկնում է նավասարդ ամսի մեջ, որը չի համապատասխանում տարվա չորս եղանակներին ու ցուցի չի տալիս՝ ոչ գարնան, ոչ ամռան, ոչ աշնան և ո՛չ էլ ձմռան սկիզբը, այ պատճառով էլ հայոց ամսանուններն իրենց նշանակությունը պահպանել են հայոց մեջ եղած բազում գրքերի հավաստման համար միայն։ Իսկ մեր տարեմուտն սկսվում է հունվարի վեցին՝ մեր Տեր Տեր Փրկիչ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնի օրը, և հայոց ամսանուններն էլ հիշվում են ըստ [անցյալում ունեցած] գործածության:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 193)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!