- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Անտոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Ս. Անտոնյան (հունվարի 21, 1887(1887-01-21), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 4, 1967(1967-12-04), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Ուսումը ստացել է Ռոբերտ քոլեջում։ 1906 թվականին ավարտել է քոլեջը, զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916 թվականին ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։
Բանաստեղծություններով, հոդվածներով աշխատակցել է հայկական մամուլին («Շանթ», «Հայաստանի կոչնակ», «Հայ կին», «Անահիտ», «Նոր գիր» և այլն)։ 1920 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Բյուրեղներ» վերնագրով։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, իր կնոջ՝ Ժանին Մեյի (Ժանն Անտոնյան) պատմվածքներից մի քանիսը նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հայ կին» և «Հայաստանի կոչնակ» պարբերականներում։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից և ուրիշներից։ Շելլիի «Պրոմեթեոս արձակած» երկը նրա չափածո թարգմանությամբ լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում[3]։
Օգտագործել է Ա., Ասուրհակոբ Անտոնբալ, Յ. Ա., Յ. Ս. Ա. ծածկանունները[4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 101-102.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 559։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 456)։
|