1911 թվականին ընդգրվել է բոլշևիկների շարքերում։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպմանն ու իրականացմանը։ 1922 թվականին Ստալինի կողմից նշանակվել է կոմկուսի կազմակերպչական աշխատանքների ղեկավար։ 1924-ին դարձել է ԽՄԿԿ ԿԿ լիիրավ անդամ, 1925-ին՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար, 1930 թվականից՝ Քաղբյուրոյի անդամ։ Որպես ՈւԿԿ ԿԿ առաջին քարտուղար, վարել է այսպես կոչված՝ «բուրժուական նացիոնալիզմի դեմ պայքար», ինչը ենթադրում էր, որ հենց ինքն էր գնահատում ու որոշում «ուկրաինական նացիոնալիզմի» որակը, չափանիշները, դրսևորումները[4]։
1930-ականների բռնաճնշումների («Մեծ զտում») ժամանակ անձամբ ստորագրել է ավելի քան 180 անվանական ցուցակ, որոնք տասնյակ հազարավոր քաղաքացիների գնդակահարության պատճառ դարձան։ Ղեկավարել է նաև ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման շարժումը՝ մասնակցել կոլեկտիվացման քաղաքականության կազմակերպման, պլանավորման և վերահսկման գործընթացներին, որոնք 1932–33 թվականներին երկրում հանգեցրին զանգվածային արհեստական սովի բռնկմանը (մասնավորապես՝ ՀոլոդոմորըՈւկրաինայում)։ 1930-ականների կեսերից աշխատել է որպես երկաթուղագծերի, ծանր արդյունաբերության և նավթարդյունաբերության ժողովրդական կոմիսար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) ընթացքում եղել է Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ճակատների կոմիսար։ Ստալինի մահից հետո (1953) Կագանովիչն արագորեն կորցնում էր ազդեցությունը։ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի դեմ հեղաշրջման անհաջող փորձից հետո Կագանովիչը հայտարարվեց «Մոլոտով–Մալենկով-Կագանովիչ հակակուսակցական խմբակի» անդամ[4], հեռացվեց Նախագահության ու կենտկոմի շարքերից և ուղարկվեց հարկադրված թոշակի։