Իսլանդերենը (Իսլանդերեն՝ íslenska) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Իսլանդերեն խոսում են աշխարհում 300 000 մարդ։ Պաշտոնական լեզու է Իսլանդիայում։
Իսլանդերենի ծագումը եվ զարգացումը
Մայրցամաքային Եվրոպայից Իսլանդիայի կտրվածության պատճառով իսլանդացիների լեզուն պահպանել է նմանությունը հին սկանդինավերենի հետ։ Իսլանդացիները պահպանում են լեզվի մաքրություն, հետևաբար լեզվում գրեթե բացակայում են օտարաբանությունները. նոր բառերը կազմվում են բառակազմության միջոցով։ Իսլանդերենի բառարանային կազմում բացարձակապես գերակշռում է բուն իսլանդական բառապաշարը[4]։ Իսլանդական բանահյուսության լեզվական մաքրամոլության[5] և դասական իսլանդական գրականությանը դրա կողմնորոշման պատճառով նոր բանասիրական միավորների համար բառերը ստեղծվում են բառապատճենման օգնությամբ։ Գրական իսլանդերենում համարյա չկան այլ լեզուներից փոխառված բառեր. բառերը, կայուն բառակապակցությունները, դարձվածաբանական միավորները, արտահայտությունները ստեղծվում են այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Խոսակցական լեզվում դանիերենից և անգլերենից փոխառությունների թիվը համեմատաբար մեծ է։ Իսլանդերենը համարվում է աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկը ոչ միայն հարուստ բառապաշարի, այլ նաև հսկայական գրական ժառանգության պատճառով։ Միջին դարերում օգտագործվում էին ռուները[6], իսկ հետագայում ստեղծվել է իսլանդերենի այբուբենը, որի հիմքում ընկած է լատինական այբուբենը։ 1990-ական թվականներին սկսվել է իսլանդերենը օտարաբանություններից մաքրազտելու շարժումը, իսկ 21-րդ դարի սկզբում հայտնվել է լեզվի ուլտրապուրիստական (գերմաքրամոլական) տարբերակը, որը անվանվել է բարձր իսլանդերեն (իսլ.՝ Háfrónska)[K 1]։ Չնայած, որ լեզուն չունի պաշտոնական կարգավիճակ, գոյություն ունի Բարձր իսլանդերենի կենտրոն, որի նպատակը ոչ միայն նորաբանությունների և օտարաբանությունների փոխարինումն է բուն իսլանդերեն բառերով կամ դրանցից կազմվածներով, այլ նաև նոր լեզվի պրոպագանդան է։
Սակայն վերը ասվածից չի հետևում, որ իսլանդերենը ընդհանրապես չի փոխվել վերջին հազարամյակի ընթացքում։ Այն կրել է փոփոխություններ, բայց դրանք տեղի չեն ունեցել այլ լեզուների ազդեցությամբ։ Մ.թ. 9-րդ դարում, երբ սկսվել է կղզու բնակեցումը, սկանդինավյան լեզուները գրեթե չեն տարբերվել մեկը մյուսից։ 12-րդ դարի կեսերին Իսլանդիայում գրված «Առաջին քերականական տրակտատի» (իսլ.՝ Fyrsta Málfræðiritgerðin[7]) հեղինակը դեռևս իր լեզուն անվանում է դանիերեն (իսլ.՝ dönsk tunga). Այդպես են կոչվել բոլոր սկանդինավյան ժողովուրդների լեզուները մինչև 13-րդ դարը։ 13-14-րդ դարերում իսլանդացիների և նորվեգացիների լեզուն անվանվում էր «հյուսիսային լեզու» (իսլ.՝ norrœnt mál), իսկ «իսլանդերեն» բառեզրը (իսլ.՝ íslenska) հայտնվել է միայն 15-րդ դարում[8]։
Անունը Իսլանդիայում
1925 թվականին իսլանդիայում ընդունվել է օրենք, որը արգելում է երկրի քաղաքացիներին ունենալ ազգանուններ։ Չնայած դրան՝ երկրի քաղաքացիների չնչին մասը, հիմնականում՝ ներգաղթյալները, ունեն ազգանուններ, որոնք չեն նշվում անձնագրերում կամ պաշտոնական փաստաթղթերում, իսկ քաղաքացիների մեծ մասը կրում են միայն հայրանուններ, որոնք կազմվում են՝ հոր անվանը ավելացնելով son (որդի) կամ dóttir (դուստր)։ Հեռախոսահամարների տեղեկատուի մեջ ցուցակը գրված է ըստ անունների, որոնց ցանկը մինչև վերջերս սահմանափակ էր. Ոչ ոք չէր կարող դառնալ իսկանդիայի քաղաքացի՝ առանց անունը փոխելու։ Այդ օրենքը փոփոխություն է կրել 90-ական թվականներին և հիմա նման սահմանափակում չի դնում[9]։
Տես նաև
Նշումներ
- ↑ «frónska» բառը առաջացել է իսլանդերենի պոետիկ անվանումներից մեկից՝ «frón» բառից, որը Երկրի անվանումներից մեկն էր՝ նշված սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածուի մեջ՝ Ավագ Էդդայում և Կրտսեր Էդդայում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 394)։
|