Թերմոէկոնոմիկան (հաճախ անվանում են բիոֆիզիկական տնտեսագիտություն), ոչ օրթոդոքս (heterodox) կամ այլընտրանքային տնտեսագիտության ուսմունք, որը վիճակագրական մեխանիկայի օրենքները կիրառում է տնտեսագիտության տեսության մեջ[1]։ Թերմոէկոնոմիկան կարելի է համարել որպես տնտեսական արժեքի վիճակագրական ֆիզիկա[2] և էկոնոֆիզիկայի ենթաճյուղ։
Թերմոտնտեսագետները պնդում են, որ մարդկանց տնտեսական համակարգերը կարող են մոդելավորվել որպես թերմոդինամիկ համակարգեր։ Նրանք հաստատում են, որ յուրաքանչյուր տնտեսական համակարգ միշտ էլ ներառում է նյութ, էներգիա, էնթրոպիա և ինֆորմացիա[3]։ Այնուհետև, հիմնվելով այս փաստերի վրա, ստեղծվեցին և զարգացվեցին թերմոդինամիկայի առաջին և երկրորդ օրենքների տնտեսագիտական անալոգիաները[4]։
Ավելին, տնտեսական գործունեության շատ տեսակներ հանգեցնում են սոցիալական դասակարգերի ձևավորման։ Այս գործառույթները մոդելավորելու համար, թերմոէկոնոմիկան կիրառում է չհավասարակշռված թերմոդինամիկայի վիճակագրական մեխանիկան[1]։ Թերմոդինամիկայի տերմինաբանությամբ մարդու տնտեսական գործունեությունը կարող է նկարագրվել որպես դիսիպատիվ համակարգ, որը զարգանում է ապրանքների և ծառայությունների տրանսֆորմացիայի և փոխանակման էներգիան սպառելով[5][6]։
Թերմոէկոնոմիկան հիմնված է այն գաղափարի վրա, որ էներգիայի դերը կենսաբանական էվոլյուցիայի մեջ պետք է սահմանվի ու հասկացվի ոչ թե թերմոդինամիկայի երկրորդ օրենքի, այլ տնտեսագիտական այնպիսի կատեգորիաների միջոցով, ինչպիսիք են արտադրողականությունը, արդյունավետությունն ու հատկապես տարբեր մեխանիզմների ծախքերն ու օգուտները (կամ եկամտաբերությունը), որոնք հավաքում և օգտագործում են կենսազանգվածի և աշխատանքի ստեղծման համար անհրաժեշտ էներգիան[7][8]։
↑Raine, Alan; Foster, John; Potts, Jason (2006). «The new entropy law and the economic process». Ecological Complexity. 3: 354–360. doi:10.1016/j.ecocom.2007.02.009.