Էրիմանթոսյան վարազ (հին հունարեն՝ ὁ Ἐρυμάνθιος κάπρος), առեղծվածային ուժի տեր հրեշավոր վարազ հին հունական դիցաբանությունում, որը հաստատված լինելով Էրիմանթոս լեռան վրա, ամայացրել է շրջակայքում գտնվող Պսոփիս քաղաքը՝ չխնայելով անգամ մարդկանց։ Ըստ առասպելի՝ էրիմանթոսյան մոլեգին վարազը երկիր է ուղարկվել Զևսի ապօրինի որդու դեմ չարացած Հերա աստվածուհու կողմից[1]։
Միկենեի արքա Էվրիսթևսի հրամանով հերոս Հերակլեսը ժամանել է Էրիմանթոս և սպանել վարազին՝ իրագործելով նշանավոր տասներկու սխրագործություններից մեկը։
Քիրոնի մահ
Էվրիսթևսի հրամանով Հերակլեսը ճանապարհ է ընկնում դեպի Էրիմանթոս լեռը և ճանապարհին այցելում իմաստուն կենտավրոս Փալոսին։ Փալոսը Հերակլեսին գինի է հյուրասիրում և խնջույք կազմակերպում նրա պատվին։ Գինու անուշաբույր բուրմունքը հասնում է մյուս կենտավրոսներին, և վերջիններս կատաղած հարձակվում են Հերակլեսի և Փալոսի վրա։ Զայրութի պատճառն այն էր, որ գինին պատկանում էր բոլոր կենտավրոսներին, այլ ոչ թե միայն Փալոսին։ Հերակլեսն առանց որևէ վայրկյան հապաղելու մարտի է բռնկվում կենտավրոսների դեմ և սկսում նետահարել վերջիններիս։
Նրանք ապաստանում են Հերակլեսի ընկերոջ՝ իմաստագույն կենտավրոս Քիրոնի մոտ։ Հերակլեսը գնում է Քիրոնի տուն և վերստին սկսում նետահարել նրանց, բայց պատահաբար Հերակլեսի մահացու նետը խոցում է Քիրոնին։ Նետի թույնը ներծծվում է նրա մարմնի մեջ և վերջինիս դատապարտում տանջանքներով մահվան։ Շուտով նա ստիպված իջնում է Հադեսի խավարչտին թագավորություն։
Հերակլեսի հինգերորդ սխրանք
Ընկերոջ տառապանքներից վշտացած Հերակլեսը անմիջապես ուղևորվում է Էրիմանթոս լեռան ուղղությամբ՝ վարազին գտնելու։ Ապա նա գոչյուններով դուրս է կանչում սաղարթախիտ անտառների մեջ պատսպարված կատաղի գազանին և քշում նրան դեպի դեպի խորախոր ձյունը։ Շուտով վարազն ամբողջովին մխրճվում է լեռնալանջերի հավերժական ձյան մեջ և սատկում։ Դրանից հետո Հերակլեսը վարազի անշնչացած մարմինը կապում է և հասցնում Միկենք՝ Էվրիսթևսին ապացուցելու համար։
Տես նաև
Ծանոթագրություններ