Էշլի Քոուլն Անգլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ մասնակցելով 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին և 2004 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2010 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում Էշլի Քոուլն արժանացել է 107 գավաթի՝ դառնալով Անգլիայի՝ ամենաշատ գավաթներն ունեցող պաշտպանը[13]։
Վաղ կյանք
Էշլի Քոուլի հայրը՝ Ռոն Քալենդերը, Բարբադոսից էր։ Նա լքել է ընտանիքը ամուսնությունից յոթ տարի անց[14] և հետագայում տեղափոխվել է Ավստրալիա[15]։ Էշլի Քոուլն ու նրա կրտսեր եղբայրը՝ Մեթյուն, ապրել են իրենց մոր՝ Սյու Քոուլի հետ[16]։
Ակումբային կարիերա
«Արսենալ»
Պատանեկան տարիքից Էշլի Քոուլը խաղացել է «Արսենալում»՝ նախապես հանդես գալով որպես հարձակվող։ Ակումբի կազմում առաջին անգամ խաղացել է 1999 թվականի նոյեմբերի 30-ին՝ մասնակցելով «Միդլսբրոյի» դեմ խաղին։ Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 2000 թվականի փետրվարի 25-ին։
2005 թվականին Էշլի Քոուլը մեղադրվել է այն բանի համար, որ առանց «Արսենալի» ղեկավարությանը տեղյակ պահելու այլ ակումբի հետ բանակցություններ է սկսել իր տեղափոխման վերաբերյալ։ Պրեմիեր լիգայի հանձնաժողովը մեղավոր ճանաչեց Քոուլին ու 2005 թվականի հունիսի 2-ին տուգանեց նրան 100 000 ֆունտ ստերլինգով Լոնդոնի հյուրանոցներից մեկում Ժոզե Մոուրինյոյի հետ հանդիպում ունենալու համար։ Հունիսին Քոուլի ներկայացրած բողոքը մերժվել է, սակայն տուգանքի գումարը դարձվել է £75 000: Այդ դեպքի պատճառով տուգանվել են նաև «Չելսին» և Ժոզե Մոուրինյոն՝ £300 000 և £200 000 (նվազեցվել է £75 000) համապատասխանաբար։
«Կրիստալ Պելաս»
1999/2000 մրցաշրջանում Էշլի Քոուլը վարձավճարով տեղափոխվել է «Կրիստալ Պելաս» ակումբ, որի կազմում մասնակցել է 14 խաղի և խփել 1 գոլ՝ օգնելով ակումբին պահպանել տեղը լիգայում։ «Արսենալի» հիմնական ձախ պաշտպանի՝ Սիլվինյոյի վնասվածք ստանալուց հետո՝ 2000 թվականի աշնանը, Քոուլը փոխարինել է նրան։ Ցուցադրելով գեղեցիկ խաղ՝ Քոուլը գրավել է բրազիլացու տեղն ակումբի հիմնական կազմում։
Չնայած «Արսենալից» հեռանալու ցանկությանը՝ Էշլի Քուլը 2005 թվականի հուլիսի 18-ին նոր պայմանագիր է կնքում շաբաթական £70 000 աշխատավարձով։
2011 թվականի փետրվարի 27-ին հայտնի դարձավ «Չելսիի» մարզաբազայում տեղի ունեցած դեպքի մասին. Էշլի Քոուլը կատակով կրակել էր «Չելսիում» փորձաշրջան անցնող 21-ամյա Թոմ Քաուենի վրա՝ կարծելով, թե զենքը, որ նա բերել էր իր հետ, լիցքավորված չէ։ Բարեբախտաբար վերքը մահացու չի եղել[17][18]։
«Ռոմա»
2014 թվականի ամռանը Քոուլը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Ռոմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Սակայն 2014/15 մրցաշրջանում Էշլի Քոուլը մասնակցել է ընդամենը 11 խաղի։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նրան գրեթե խաղադաշտ դուրս չի բերել 2015/1 մրցաշրջանի նախամրցաշրջանային խաղերում։ Քոուլը համակերպվել է այդ իրավիճակի հետ և չի ցանկացել լքել ակումբը։ Ակումբի ղեկավարությունը Քոուլին հատկացրել է «0» համարը, իսկ գլխավոր մարզիչը անգլիացուն չի ընդգրկել նոր մրցաշրջանի հայտացուցակում։ 2016 թվականիհունվարի 19-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խղվել է[19]։
«Լոս Անջելես Գալաքսի»
2016 թվականի հունվարի 27-ին Էշլի Քոուլը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ[20], որի կազմում նրա դեբյուտը կայացել է նույն թվականի «փետրվարի 24»-ին՝ «Սանտոս Լագունայի» դեմ տնային խաղում։