Զալը ծնվում է ձյունաճերմակ մազերով: Վախեցած հայրը նրան լքում է Էլբորզ լեռան վրա, որտեղ փոքրիկին փրկել է կախարդական Սիմուրղ թռչունը: Սիմուրղը Զալին մեծացրել է Դեմավենդի վրա գտնվող իր բնում։ Զալի հայրը՝ Սամը երազում տեսնում է, որ իր որդին ողջ է ու սկսում է տառապել մեղքի զգացումից: Նա փնտրում է որդուն լեռներում և վերջապես Սիմուրղի թույլտվությամբ նրան իր հետ տանում պալատ։
Զալը, որը նաև կոչվում էր Զալ Զաար («ծեր», իրականում «ծերունի») իր սպիտակ մազերի պատճառով, մի շարք արկածներից հետո ամուսնանում է Քաբուլի շահի դուստր Ռուդաբեի հետ, որը նրան պարգևում է որդի Ռոստամին, որը մեծ հերոս է դառնում:
Նախապատմություն
Զալը սերում էր մի ընտանիքից, որի անդամները լեգենդար ռազմիկներ են եղել, որոնք սերունդներ շարունակ ծառայել են պարսկական բանակում՝ որպես մեծ զորավարներ: Նրա հայրը՝ Սամը և հետագայում որդին՝ Ռոստամը նույնպես Պարսկաստանի մեծ հերոսներ էին։
Զալը ծնվում է սպիտակ մազերով[2]: Այդ պատճառով ծնողները նրան Զալ են անվանել («ծեր», «ծերունի»)։ Պարսկերենումզալը վերաբերում է ալբինիզմ ունեցողներին[4]: Զալը Սամի որդին էր և Նարիմանի թոռը՝ երկուսն էլ Հին Պարսկաստանի հերոսներ և «Իրանի երկրի» (Իրան-զամին) պաշտպաններ։ Իր արտաքին տեսքի պատճառով հայրը ամաչում է հասարակությանը ցույց տալ իր որդուն: Սամը մեղադրում է չար ոգուն՝ Ահրիմանին, որդու արատի համար[4][2]:
Ով արարիչ, ...եթե քո դեմ սատանայի մեղք եմ գործել կամ այլ բան, ներիր,
քանզի իմ սրտի մեջ բազմաբազում ցավեր կան:
Այս ամոթը սիրտս է նեղում, հառաչում եմ դառնագին,
հիմա եռում է արյունս ու ավերում իմ հոգին:
Գուցե մաքուր չի ծնվել նա, հարազատ չէ, ով իմ տեր,
քանզի սև-սև աչքեր ունի, գլխին` ճերմակ գանգուրներ...
Թե բարեկամ, թե թշնամի մարդիկ երբ գան ինձ մոտ հյուր
այս չարաղետ բոթը անշուշտ կտարածեն ամենուր:
Չէ՞ որ մարդիկ կհարցնեն ինչ է անունն քո որդու:
Ես անտառի փերի ասեմ, թե առյուծի ժիր կորյուն:
Թե առերես և թե ծածուկ ծաղրուծանակ կանեն ինձ
ամաչելուց պիտի թողնեմ ու հեռանամ Իրանից:
Սամը հրամայում է նորածին Զալին տանել ու թողնել անմարդաբնակ Էլբուրս լեռան վրա: Այդ լեռան վրա է Իրանի ամենաբարձր աշխարհագրական գագաթը` Դեմավենդը[2][4]:
Գագաթի վրա ապրող առասպելական սիմուրղ հավքը (շատ մեծ և իմաստուն թռչուն, որի թռիչքից խավարում է երկինքը, ասվում է, որ կապված է փյունիկի հետ) գտնում է երեխային և տանում իր բույնը[2]: Տարիներն անցնում են տղան մեծանում է: Այդ կողմերով անցնող քարավանները թռչնի բնում նկատում են մի առնական տղայի, որի կուրծքն արծաթե սար էր, գոտկատեղը՝ եղեգ։ Այս ուշագրավ լուրը վերջապես հասնում է Սամին, որին իր իմաստունները հորդորում են շտապել այնտեղ։ Լեռան լանջին հասնելով նա փորձում է բարձրանալ, բայց ոչ մի կերպ չի կարողանում գագաթ բարձրանալու որևէ հնար գտնել: Ապա նա աղոթում է առ Աստված՝ խնդրելով ներողամտություն և օգնություն։ Սիմուրղը տեսնում է Սամին, նա հասկանում է, որ Սամը եկել էր իր մեղքն ուղղելու։ Նվիրված թռչունը Զալին իր փետուրներից է տալիս՝ ասելով.
Առ փետուրս, ուր էլ գնաս քեզ մոտ պահիր շարունակ:
Եթե մեկը քեզ չարություն ու նեղություն պատճառի,
իմ փետուրը մոտեցրու թեժ կրակին ու վառիր:
Իսկույն քեզ մոտ ես կթռչեմ Էլբորզ սարից ձյունաթագ:
Չէ՞ որ ես եմ մեծացրել, պահպանել քեզ թևիս տակ:
«և թող քո սիրտը երբեք չմոռանա քո դայակին, որի սիրտը կոտրվում է քո հանդեպ սիրուց»[5][6][7][8]:
Զալ ու Ռուդաբե
Որդու հետ վերամիավորվելուց հետո նրանք վերադառնում են Զաբուլիստան: Սամն ամեն ջանք գործադրում է, որ իր որդին զորք ու երկիր ղեկավարել սովորի: Սամն իշխաններին հրամայում է դաստիարակել իր որդուն, իսկ Զալին խորհուրդ է տալիս իշխանական հաճույքներից իրեն չզրկել:
Մանուչեհրը նույնպես պատշաճ կերպով հարգում ու պատվում է երիտասարդին։ Սամն իր իշխանությունը հանձնում է Զալին ու մեկնում կռվի դաշտ: Շահնշահի հրամանով նա պիտի մեկնի Մազանդարան, Քեյկեսարայի բերդը պիտի գրավի: Երիտասարդ Դեստան Զալը տխրում է, որ նորից առանց հոր է մնալու:
Ծնված օրից զրկվեցի ես հայրական ջերմ խնամքից,
երբ որ սիրով գիրկդ եկա, նորից պիտի թողնես ինձ:
Վարդից փուշ է սոսկ մնացել:
Զալն ուղևորվում է իր արևելյան գավառները տեսնելու. Զաբուլից մինչև Քաբուլ է հասնում: Ամեն տեղ կանգ էր առնում, գինի ու տավիղ վայելում: Քաբուլում վասալ թագավոր Մեհրաբը, որը արաբացեղ էր և սերում էր չար Զահհակից, բայց քաջ Սամին հարկատու էր և չէր մարտնչում Սամի դեմ, ընծաներով գալիս է Զալին տեսնելու, հարգանքի տուրք է մատուցում ձիեր և ստրուկներ նվիրելով:
Մեհրաբի ծառան պատմում է Քաբուլի արքայադստեր` Ռուդաբեի մասին, ում հետ «գեղեցկությամբ լոկ արևն է մրցում»: Ողջ գիշեր նրա գովքն է լսում ու սիրահարվում է[2]:
Մեհրաբ շահը արաբացեղ էր, նրա մասին ոչ ոք լավ խոսք չէր ասում: Բայց Զալը հարգանքով ընդունում է նրան ու ցանկանում է ընծաներով ճանապարհ դնել: Զալը Մեհրաբին հարցնում է, թե ինչ կուզի որպես ընծա: Իսկ Մեհրաբ արքան շատ էր հավանել Զալին ու միայն մեկ ցանկություն ուներ. Դեստան Զալին Քաբուլի իր դղյակում շքեղ խրախճանքով պատվել, միասին գինի խմել: Բայց Զալը հրաժարվում է, քանզի չի ցանկանում Սամին զայրացնել, իսկ Մանուչեհր շանշահի աչքում թեթևամիտ երևալ: Զալը պատասխանում է, որ չի կարող իր կրոնի դեմ գնալ, իսկ հոգու խորքում վախենում է, որ կարող է մնալ առանց փառքի: Նա մտքում հիշում է արաբ մի իմաստունի խոսք.
Հավատարիմ երիվարս կծառայի ինձ ցմահ
և իմ փառքը կբարձրանա մինչ լուսինը երկնագահ,
Երբ մոռանամ մեծ պատիվս ու կոչումը իմ վսեմ,
գիտունների աչքում թող որ լինեմ մարդուկ մի նսեմ:
Մեհրաբ արքան վերադառնում է Քաբուլի պալատ, չկասկածելով, որ «Զալի սիրտը հաղթել էր միտքը»: Զալը սիրահարվել էր Ռուդաբեին, որին դեռ չէր էլ տեսել: Նրան դիմավորում են կինը` Սինդուխտը և դուստրը` Ռուդաբեն: Վերջինս հարցուփորձով ուզում է իմանալ, արդյոք ինչպիսիսն է Զալը: Հայրը հիացմունքով պատմում է Դեստան Զալի մասին, որի միակ թերությունը ճերմակ մազերն են, որոնք թերևս ավելի գրավիչ են դարձնում նրան:
Ողջ աշխարհում չկա Զալի նման խիզախ փահլևան:
Անհաղթելի բազուկ ունի, առյուծ է նա իսկական:
Ոչ մի դղյակ իր պատերին չի պատկերել մի զինվոր,
որ Զալի պես լինի հսկա աղեղնավոր ու հեծվոր:
Նա առյուծի քաջ սիրտ ունի և ամեհի փղի ուժ:
Նեղոսի պես կենսառատ է, հոգով նուրբ է ու քնքուշ...
Աղջիկն էլ է կորցնում քուն ու դադար:
Զալի սիրուց կրակ դառած հրդեհվում էր նա թաքուն:
Սերը մաշեց սիրտը նրա, կարծես եղավ խելքահան,
ու մոռացավ կարգ ու կանոն, ինչ պատշաճ է աղջկան:
Կինը պետք չէ քաջի մասին իմանա,
քանզի սիրո կրակից նա դառնում է մի սատանա»:
Ռուդաբեի նաժիշտների օգնությամբ Զալը մոտենում է Ռուդաբեի ժայռեղեն ամրոցին, որտեղ Ռուդաբեն «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան», որ Զալը բարձրանա իր մոտ` ամրոց։ Բայց Զալը չէր կարող Ռուդաբեի ծամերից քաշելով, նրան ցավեցնելով հասնել նրան: Դրա փոխարեն, օղակ է պատրաստում իր պարանով ու նետում կտուր ու բարձրանում: Կրքոտ սիրահարները միմյանց հետ սիրառատ գիշեր են անցկացնում են, և Ռուդաբեն հղիանում է։
Մեհրաբն իմանում է այդ մասին ու խիստ զայրանում: Կինը` Սինդուխտը վախենում է, որ նա կսպանի աղջկան: Մեհրաբը պատերազմի ու ոչնչացման սպառնալիք է տեսնում նրանց ամուսնանալու ցանկության մեջ:
Զալը սպասում էր, որ իր հայրը և Մանուչեհրը հավանություն չեն տա իր ամուսնությանը Զահհակի հետնորդի հետ: Իսկ թեև Մեհրաբն ընդհանուր առմամբ հավանում էր երիտասարդ իշխանին, բայց Զալի որոշ արարքներ նրան զայրացնում են։
Զալը խորհրդի համար դիմում է մոբեթներին, որ խորհուրդ տան ինչ անի: Նրանց խորհրդով Զալը սուրհանդակի հետ նամակ է ուղարկում հորը և թախանձանքով խնդրում, որ համաձայնի իր ամուսնությանը, հիշեցնելով նրան, որ իրեն գտնելուց հետո իշխանական երդում էր տվել կատարել իր բոլոր ցանկությունները:
Սուրհանդակի նամակը Սամը կարդում է ու տարակուսում. նա չէր սպասում այդպիսի մեծ հարված, քանի որ Ռուդաբեի հայրը, որը թեև Քաբուլի արքան էր ու իրեն հարկատու, բայց բաբելոնացի էր, չար Զահհակի ընտանիքից էր սերում։
Եթե թռչնի ձագը առնի վիշապազուն աղջկա,
ծնված զարմը ինչ կլինի, աղջիկ լինի թե տղա:
Սամը հասկանում է, որ Շահնշահը դեմ կլինի: Ի վերջո, տիրակալ Սամը հարցն ուղղում է աստղագուշակ մոբեթներին (խորագետներ)՝ իմանալու, թե Զալի և Ռուդաբեի ամուսնությունը բարեկեցիկ կլինի, թե ոչ։ Նրան տեղեկացնում են, որ Զալի ու Ռուդաբեի որդին լինելու է աշխարհակալ։ «Այդ միացումից անսովոր, կծնվի մի որդի ու արիաց երկրից սև ուժերին կջնջի նա մինչև վերջ ու Թուրանում զորք չի թողնի, որ թալանի, տանի մեզ»: Նրան կճանաչեն Հինդուստանն ու Բյուզանդիոնը:
Այս իմանալով Սամն ուրախանում է ու, սուրհանադակին վարձատրելով` ուղարկում է Զալի մոտ: Զալն ուրախությամբ Ռուդաբեի ծառային բազում նվերներ է տալիս ու ուղարկում, որ լուրը Ռուդաբեին հասցնի: Բայց Սինդուխտը բացահայտում ու պատժում է այդ կնոջը: Ռուդաբեն ստիպված բացահայտում է իր ու Զալի սիրո գաղտնիքը, ասում, որ այդ միջնորդ կինը Զալ Դեստանից էր լուր բերել: Սինդուխտը դեմ չէր, որ նրանք ամուսնանան, բայց վախենում էր, որ պարսիկները կհարձակվեն ու կավիրեն իրենց երկիրը, քանի որ նրանք չեն մոռացել իրենց նախնիների չարագործությունները:
Սինդուխտը Մեհրաբին զգուշությամբ պատմում է Ռուդաբեի գաղտնիքը: Մեհրաբ արքան սաստիկ բարկանում է ու սպառնում գլխատել դստերը ու ափսոսում, որ աղջկա վիզը չի կտրել ծնվելուց անմիջապես հետո, ինչպես վարվել էր իր Զահհակ պապը: «Իմ Քաբուլին և իմ փառքին սպառնում է մեծ վտանգ: Իրանի շահը, երբ որ լսի կնության առաջարկը, քաջ Սամի հետ կհարձակվի, մոխիր կդարձնի իր երկիրը»:
Մանուչեհրը սուրհանդակից տեղեկանում է այդ սիրո մասին ու հրամայում է, որ Սամն իր բանակով գա իր մոտ: Սամը Մանուչեհրին պատմում է Կերկուի քաջի հետ իր հերոսական հաղթանակի մասին, որը նույնպես Զահհակի ցեղից էր: Մեծարման խնջույքից հետո Մանուչեհրը հրամայում է Քաբուլի քարակերտ ամրոցները փոշի դարձնել, բոլորին սրի քաշել:
Սամը պատերազմ է գնում Մեհրաբի դեմ: Բայց Զալը վճռական տրամադրված դուրս է գալիս հորն ընդառաջ: Հորն հիշեցնում է այն դժվարությունները, որին արժանացրել էր ինքը ու հիշեցնում իրեն տված սուրբ երդումը, որ իր ցանկությունը կկատարի: Զալը պատրաստ է մեռնել:
Դու երդվեցիր` իմ զավակս տանջանքներդ վերջացան:
Սիրով տնկած քո նոր շիվը կդարձնեմ հսկա ծառ:
Մազանդարան երկիրն ասա, ի՞նչ օգուտ է տվել ինձ:
Ինչո՞ւ հեծյալ քո բանակը ետ բերեցիր սեգ սարից,
որ ավերե՞ս իմ օջախը, հավասարե՞ս դու հողին:
Ահա ո՞ւր է արդարության քո հետամուտ ճիշտ ուղին:
Տես, զինաթափ կանգնել եմ քո դեմուդիմաց, կախիր ինձ:
Մահից բնավ չեմ սարսափում, կապիր թոկը իմ վզից:
Հրամայիր, մարմինս գան, սղոցեն մաս առ մաս:
Միայն թե ես պերճ Քաբուլը տեսնեմ կանգուն, անվնաս:
Վարվիր ինձ հետ առաջվա պես անողոք ու խստադատ:
Անզոր եմ ես Քաբուլի պես և ավելի, քան դժբախտ:
Սամը գովում է Զալի արդարացի դատողությունները ու ուղարկում Մանուչեհրի մոտ, որ գնա ու ամեն ինչ պատմի իր սիրո մասին: Մի նամակով բանբեր է ուղարկում, որում հիշեցնում է իր բազում հաղթանակները ու աղերսանքով խնդրում Զալի արած սխալը ծանր մեղք չհամարել:
Զալը գնում է Մանուչեհրի արքունիք, կայսրը կարդում է նամակը ու կանչում իր մոգերին, որոնք գուշակում են, որ այդ միությունից ծնվելու է աշխարհակալ մի որդի: Կայսը ուրախանում է ու հրամայում գաղտնի պահել այդ գուշակությունը: Նա Զալին հանձնարարում է ցուցադրել իր հմտությունները, որպեսզի նա մոգերի հետ մրցի: Կայսեր ամենաիմաստունները Զալին տալիս են խիստ դժվար հարցեր և հանելուկներ, որոնց Զալը ճշտորեն պատասխանում է։
Այնուհետև կայսրը մրցաշար է անցկացնում Զալի համար, որ իրեն դրսևորի իր թագավորական ռազմիկների հետ կռվում: Զալն անզուգական է դրսևորում իրեն հրաձգության (նետաձգության) և ձիով կռվի մեջ։ Մեծ ռազմիկը այնպիսի ուժով է նետում իր նիզակը, որ կարողանում է միանգամից երեք վահան խոցել։ Ի վերջո, Զալին հաջողվում է հաղթել Մանուչեհրի մարտիկներին և միանգամայն հեշտությամբ ձիուց տապալում է թշնամու մարտիկին։ Տպավորված՝ Մանուչեհրը հավանություն է տալիս Զալի և Ռուդաբեի ամուսնությանը։
Որոշ ժամանակ անց Զալը և Ռուդաբեն ամուսնանում են Քաբուլում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել են միմյանց։ Նրանց ամուսնությունից ծնվում է պարսից մեծ հերոս Ռոստամը։
Զալը օգտագործում է սիմուրղից ստացած փետուրներից մեկը, երբ իր կինը՝ Ռուդաբեն ծանր ծննդաբերության մեջ էր, և թվում էր, թե նա կմահանա, ինչպես և չծնված երեխան: Սիմուրղը հայտնվում և հրամայում է, որ նա դանակի պես փետուրն անցկացնի կնոջ փորով։ Այդպես փրկվում է Ռուդաբեն և ծնվում է Ռոստամը[9]:
Հետագա կյանք
Զալը դաստիարակում ու մարզում է Ռոստամին։ Ռուդաբեն ունենում է ևս մեկ որդի՝ Զավարա անունով[2]: Զալը Ռոստամին ուղարկում է բազմաթիվ արշավների։ Հետագայում Զալը կառավարում է Զաբուլիստանը և ծառայում որպես թագավորի զորավար և խորհրդական։ Նա հայտնի է դառնում թուրանցիների և բազմաթիվ բարբարոսների դեմ իր ռազմական հաղթանակներով։
Զալն ապրում է ավելի քան երեք դար՝ գերազանցելով իր կնոջը՝ Ռուդաբեին։ Նա մի ծառայից ունենում է մի որդի՝ Շաղադին։ Չնայած նրան, որ խորհրդականները զգուշացրել էին, որ երեխան չար է, Զալը հրաժարվում է լքել նրան, որպեսզի չգործի նույն սխալը, որ արել էր իր հայր Սամը:
Երբ Գերշասպի որդի Էսֆանդիյարը[10] մարտահրավեր է նետում Ռոստամին, Զալը զգուշացնում է որդուն, որ չկռվի, քանի որ նա գիտեր, որ Էսֆանդիյարին սպանողը դատապարտված է լինելու։ Երբ Ռոստամը ծանր վիրավորված վերադառնում է, Զալը բժշկում է նրան և կանչում Սիմուրղին՝ Էսֆանդիյարին հաղթելու միջոց գտնելու համար։
Զալն իր հետագա կյանքում տեսնում է, թե ինչպես են իր որդիները սպանում միմյանց և իր ընտանիքի անկում է ապրում։ Էսֆանդիյարի որդին՝ Բահմանը, վրեժխնդիր է լինում հոր մահվան համար՝ ներխուժելով Զաբուլիստան[2]: Զալը շատ ծեր էր կռվելու համար, և Բահմանը ծերացած թագավորին բանտ է նետում և վերցնում նրա գանձերը[2]: Այնուհետև Բահմանը ազատ է արձակում նրան, երբ իր հորեղբայրը՝ Փուշտունը (پشوتن), պաշտպանում է Զալին[2]: Հետագայում Բահմանը հեռանում է Իրան, և Զալը կրկին իշխում է որպես թագավոր: Մեծ թագավորը մահանում է բնական մահով, և նրա տոհմը տրոհվում է։
↑A History of All Nations (Digitized Nov 23, 2005 ed.). Original from the University of Michigan. 1864.
↑Rosenberg, Donna (1997). «page 116-118». Folklore, Myths, and Legends: A World Perspective. McGraw-Hill Professional. էջ 536. ISBN0-8442-5780-X.
↑Reed, Elizabeth Armstrong (1893). «XI». Persian Literature: Ancient and Modern. Original from Harvard University (Digitized Feb 5, 2007 ed.). S. C. Griggs and company. էջ 419.
↑Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
↑Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
↑Foundation, Encyclopaedia Iranica. «ESFANDĪĀR». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-24-ին.
Աղբյուրներ
Kia, Mehrdad (2016). The Persian Empire: A Historical Encyclopedia (Vol. 1). ABC-CLIO. ISBN978-1610693912.
Թագավորների գիրքը. Շահ Թահմասպի Շահնամեն, ցուցահանդեսային կատալոգ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից (ամբողջովին հասանելի է առցանց PDF ձևաչափով), որը պարունակում է նյութեր Զալի մասին:
«Շահնամե». Գրքասեր. Վերցված է 2024-11-23-ին. աուդիոգիրք: