Կաստելանետան ծնվել է Չիկագո քաղաքի Օք-Պարկ արվարձանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է դպրոցական բեյսբոլի թիմի կազմում։ Տարիներ անց մարզչի օգնական Դիք Թրաութը նշել է․ «Դենը զվարճալի տղա էր, բայց նա գնդակը նետում էր աղջկա պես»»[8]։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել Չիկագոյի դերասանական խմբերից մեկում, որին նա հետո նկարագրել է որպես «այնպիսի վայր, որ եթե քեզ համար այդտեղ գտնվելը տխուր է, արագ ցույց կտա, թե ինչպես այդտեղից ուրախ հեռանաս»[8]։
Դենիելն ամուսնացել է գրող Դեբ Լակուստայի հետ, որը հետագայում դարձել է շոուի մի քանի էպիզոդների համահեղինակներից մեկը։ Բնակվում է Լոս Անջելեսում[8][9]։
Նա եղել է բուսակեր և հաճախ զբաղվել է սպորտով։
Հոմեր Սիմփսոն և այլ հնչյունավորած դերեր
«Սիմփսոնները»-ում Կաստելանետայի ձայնով են խոսում Հոմեր Սիմփսոնը (հնչյունավորման ժամանակ պետք էր կզակը սեղմել կոկորդին, որպեսզի ստացվեր ձայնի անհրաժեշտ տոնայնությունը, և Հոմերի ձայնը հնչում էր ճիշտ[10]), Աբրահամ Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կրասթին ծաղրածուն, այգեպան Վիլին, քաղաքապետ Ջո Կուիմբին, Հանս Մոլմանը, Սայդշոու Մելը, Կոդոսը, Արնի Փայը, Սքոթ Քրիսթիանը և այլ կերպարներ[11]։ Ազարիա Հենքի և Հարի Շիրերի հետ միասին եղել է սերիալի գլխավոր դերասաններից մեկը։ Շոուում կատարած իր աշխատանքի համար ստացել է չորս «Էմմի» և մեկ «Էննի»։ Բացի այդ, նա կնոջ հետ միասին մուլտֆիլմի մի քանի էպիզոդների համար գրել է սցենարներ[5][11]։
«Homer Simpson, This Is Your Wife» և «I Am Furious (Yellow)» էպիզոդներում խաղացել է ինքն իր դերը[8]։