Երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սնումը մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից է, հորդացումը՝ գարնան ամիսներին։ Ջրի կայուն մասը ստանում է Հրազդանից հանված ջրանցքից։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։ Գետառի վրա, Նորքի ձորում կա 1664 թվականին կառուցված միակամար կամուրջ[2][3]։
Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերից բխող Քառասունակն աղբյուրներից 1570 մ բարձրությունից, և, հոսելով հարավ-հարավ-արևմուրք, անցնում է Ավանի ձորահովիտը, ապա մտնում է Նորքի խոր ձորը և անցննելով Երևանի միջով, Շենգավիթի մոտերքում թափվում Հրազդան գետը։
Ղևոնդ Ալիշանը Գետառի միջին հոսանքը Ավանի ձորահովտի շրջանում կոչում է Ավանի գետ։
Հունի փոփոխություն
Սկսած Աբովյանի պուրակից Գետառի ներկա հունը լոկ ջրանցք է, որը տարել են Նորք-Մարաշի ու Այգեստանի լանջերի փեշերով՝ ոռոգելու իր այգիներով հայտնի Երևանի կենտրոնն ու հարավը մինչև Ջրվէժ վտակին հասնելը («Հայրենիք» կինոթատրոնի դիմաց)։ Սակայն հին Գետառը հոսել է Աբովյանի պուրակով մինչև «Պոլիտեխնիկ», թեքվել դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայի ու Կողբացու փողոցի արանքով հասել քաղաքապետարանի հրապարակ, որտեղից էլ գինու գործարանի առջևով Հրազդանին է միացել՝ դեպի Կարմիր կամուրջ իջնող ձորակով[4]։ Այն լավ երևում է Երևանի՝ Վ. Նազարևի 1858 թ., Ա. Ստոցկու 1865 թ., Ղևոնդ Ալիշանի 1880 թ.[5] և ուրիշների հատակագծերում։
2007 թվականին Խանջյան փողոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար քաղաքապետարանը որոշեց Գետառը փակել բետոնե խողովակով՝ վրան փողոց կառուցելով[6]։ Առ 2019 թվականը Գետառը գետը Երևանի կենտրոնում տեսանելի է միայն Մյասնիկյան պողոտայի ու Խանջյան փողոցի վերջնամասում։
Գետառի վարարումները
Ժամանակ առ ժամանակ Գետառ գետը վարարել է, զգալի ավերածություններ պատճառելով Երևանին։ Գետառի վարարումների թվականներից կարելի է նշել 1860, 1866, 1873, 1908, 1912, 1923, 1924, 1925, 1928, 1946, 1947, 1950 թթ.) հեղեղել են Երևանը։ Մասնավորապես 1946 թվականի մայիսի 25-ի վարարումը, որի ժամանակ ջրի ծախսը ավելացել էր 100 անգամ, մեծ վնաս է հասցրել Երևանին։ Այս հարցի լուծման համար հանձնաժողով է կազմվել, որը որոշել է այժմյան Ավան-Առինջ թաղամասի վերջնամասում ժամանակավոր կարգավորիչ ստեղծել, որը կարգավորիչ պատվար հանդիսացավ հետագա վարարումների համար[7]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
↑Յակոբեան, Ալեքսան (2019). Կոզեռն-Կոնդի 591 թվականի ենթադրեալ բերդի հետքերով. Երևան: ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. էջ 95. ISBN978-9939-9178-8-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 22)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!