Բենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թվականին Արևմտյան ՀայաստանիՏիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում, Կարապետ և Եսթեր Ժամկոչյանների ընտանիքում։ Հազիվ 40 օրական՝ կորցրել է հորը։ Մայրը գերդաստանի մեծերի ստիպմամբ երկրորդ անգամ է ամուսնանում և հեռանում իր երկու զավակներից՝ նրանց հանձնելով իրենց հորական տատի խնամքին։ Երեք տարեկան Բենիամինը և իր մեծ եղբայրը ուղարկվում են Խարբերդի մոտակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոցը, որը կառավարվում էր միսիոներների կողմից։ Այնուհետև նրանք ավարտում են դպրոցը, ապա մտնում են նույն միսիոներների հիմնած ուսուցչանոցը (բարձրագույն մանկավարժական կրթօջախ)։
Իր եղբոր օրինակին հետևելով, 19-ամյա Բենիամինը անդամակցում է Հնչակյան ուսանողական միությանը։ 1915 թվականի ապրիլի 21-ին ստանում է ուսուցչանոցի ավարտական վկայականը և սկսելով աշխատել որբանոցում որպես հսկիչ և հացագործ՝ ազատվում է աքսորից։ Որոշ ժամանակ անց մի քանի երիտասարդների հետ հեռանում է հաստատությունից և Երիզայում միանում զորավար Անդրանիկի զինվորներին։ Կարինի մոտ մարտի ընթացքում վիրավորվում է և բուժվելու համար տեղափոխվում Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս։ Բաթումից անգլիական նավ նստելով հասնում է Պոլիս, որտեղ գաղթականների հանձնախմբում սկսում է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ 1920 թվականին տեղափոխվում է Ադանա և Ազգային Աբգարյան վարժարանում անցնում աշխատանքի որպես ուսուցիչ։ 1921 թվականին Ադանայում իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարժարանում աշխատում է որպես տնօրեն։ Կիլիկիայի հայաթափումից հետո Ժամկոչյանը հասնում է Մերսին, որտեղից բազմաթիվ այլ գաղթականների հետ 1922 թվականի վերջին օրերին նավով տեղափոխվում է Բեյրութ։ Հաստատվելով Լիբանանում՝ Բենիամին Ժամկոչյանը տարբեր տեղերում զբաղվում է ուսուցչությամբ։ 1930 թվականին հրավիրվում է աշխատելու Ազգային Սահակյան վարժարանում և մինչև 1974 թվականին մնում նրա տնօրենը։ Պատկանել է Հայ Ավետարանական եկեղեցուն, բայց մեծ հարգանքով է վերաբերվել Հայ Առաքելականին։ Լիբանանի «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան է վստահվում 19-րդ դարի կեսին լույս տեսած արևմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումը, որի համար օգտագործել է իրեն մատչելի բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս է տեսել 1981 թվականին։ 1949 թվականին ստացել է Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի (Golden Gate University) գրականության պատվավոր դոկտորի կոչում։ 1984 թվականին Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարության կողմից Ժամկոչյանին շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։ Մահացել է 1984 թվականին Բեյրութում։ 1993 թվականին Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով (այժմ՝ թիվ 119 ավագ դպրոց)[3]։
Կրթություն
Խարբերդի գերմանական միսիոներական հաստատություն
Որբանոց – 1898-1900 թթ.
Նախակրթարան – 1900-1907 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1907 թ.
Միջնակարգ – 1907-1911 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1911 թ.
Ուսուցչանոց – 1911-1915 թթ. վկայական՝ 21 ապրիլի, 1915 թ.
Գործունեությունը
Ազգային Աբգարյան վարժարան, ուսուցիչ - Ադանա, 1920-1921 թթ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 277)։