Արմենուհի Նիկողոսի Սրապյան (փետրվարի 18, 1918(1918-02-18) - հուլիսի 28, 2000(2000-07-28)), հայ խորհրդային բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1940)։ 1943 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Սուրեն Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, 1957) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», 1958 և «Կոստանդին Երզնկացին և իր տաղերը»[1] [«Կոստանդին Երզնկացու «Տաղեր» գրքում, 1962], գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել Արմենուհի Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969, ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983, ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրություններ) գրքերը։ Կազմել է Ե. Տեր-Մինասյանի կենսամատենագիտությունը (1986)[2]։
Երկեր
Հայ միջնադարյան զրույցներ։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1969, 413 էջ[3]։
Հովհաննես Երգնկացի – Պլուզ. կյանքը և գործը. Ե., 1993:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 164)։