Ասիական վագրակատու (լատին․՝ Acinonyx jubatus venaticus)՝ վագրակատվի տեսակի ենթատեսակներից մեկը, որը նախկինում տարածված էր Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարբեր շրջաններում[1][2], ներկայումս պահպանվել է միայն Իրանում ոչ մեծ պոպուլյացիաների տեսքով։
Նկարագրություն
Արտաքինից գրեթե չի տարբերվում աֆրիկյան ենթատեսակից (սակայն նրանց միջև գենետիկական տարբերությունները էական են), բացառությամբ համեմատաբար ավելի կարճ մազածածկույթի[3], էգերը փոքր են արուներից։ Մարմնի երկարությունը միջինում կազմում է 110-150 սմ, պոչի երկարությունը՝ 60-80 սմ, քաշը տատանվում է 40-60 կգ-ի սահմաններում։
Տարածվածություն և կենսակերպ
Բնակվում են հիմնականում լեռնային շրջաններում, ինչպես նաև կիսաանապատներում և տափաստաններում, անտառային գոտիներում հազվադեպ են հանդիպում։ Նախկինում նրանց համար որսորդության հիմնական օբյեկտներ էին հանդիսանում խոշոր կճղակավոր կենդանիները (լեռնային ոչխարները, այծերը, վիթեր)[4], սակայն ներկայումս, կապված խոտակերների թվաքանակի նվազեցման հետ, ասիական վագրակատուները որսում են նաև մանր կենդանիներ և պարբերաբար հարձակվում են ընտանի անասունների վրա։ Որպես կանոն՝ վարում են միայնակ կյանք, սակայն խոշոր կենդանիների որսի համար կարող են կազմել մինչև 4 վագրակատվից բաղկացած խմբեր։ Հղիությունը տևում է 85-95 օր, ձագերը սովորաբար լինում են 2-6 հատ[5]։ Ձագերը ինքնուրույն կյանք են սկսում վարել 12-20 ամսականում։ Վայրի բնության մեջ ասիական վագրակատվի կյանքի միջին տևողությունը 20-25 տարի է։ Անազատության մեջ այս կենդանիները գրեթե երբեք չեն բազմանում։
Ասիական վագրակատուն տարածված է եղել Արաբիայից ու Պաղեստինից մինչև Հնկաստանի կենտրոնական մասերը և ներկայիս Ղազախստանի հյուսիսում, սակայն մորթու համար որսագողերի կողմից ինտենսիվ ոչնչացման արդյունքում, ինչպես նաև նրանց հիմնական սնունդ հանդիսացող կճղակավորների թվի նվազման պատճառով ասիական վագրակատուները 1947 թվականին ամբողջությամբ վերացել են Հնդակաստանում[6], իսկ 1960-1980 ական թվականներին նաև ողջ Միջին Արևելքում (բացառությամբ Իրանի, որտեղ նույնպես նրանց պոպուլյացիան էապես նվազել է)։ 2000 թվականից Վայրի բնության պաշտպանության միությունը իրանցի գիտնականների հետ համատեղ սկսեց մշակել երկրի 5 շրջանների պաշտպանության միջոցառումը, որտեղ պահպանվում են ասիական վագրակատվի պոպուլյացիաները։
Ծանոթագրություններ
↑Nowell K. and Jackson P. (1996). «Cheetah Acinonyx jubatus Schreber, 1776». Wild Cats. Status Survey and Conservation Action Plan. IUCN/SSC Cat Specialist Group, Gland. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
↑Pocock, R. I. (1939). «Acinonyx jubatus». The Fauna of British India, including Ceylon and Burma. Mammalia. – Volume 1. London: Taylor and Francis Ltd. էջեր 324–330.
↑Farhadinia, M.S.; Hosseini-Zavarei, F.; Nezami, B.; Harati, H.; Absalan, H.; Fabiano, E.; Marker, L. (2012). «Feeding ecology of the Asiatic cheetah Acinonyx jubatus venaticus in low prey habitats in northeastern Iran: Implications for effective conservation». Journal of Arid Environments. 87: 206–211. doi:10.1016/j.jaridenv.2012.05.002.
↑Farhadinia, M.S. (2007). Ecology and conservation of the Asiatic cheetah in Miandasht Wildlife Refuge, Iran. Tehran: Iranian Cheetah Society.
↑Divyabhanusinh (1999). The End of a Trail: the Cheetah in India. Banyan Books, New Delhi.