Անանիա Շիրակացու մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված, նույն օրը Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Հայաստանի ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։
Մեդալի կարգավիճակը
1993-2014 թթ.
1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում էր տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մեդալով պարգևատրվողները
1993-2014 թթ.
1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները[1]։
Պարգևատրման միջնորդությունը
1993-2014 թթ.
1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
Կրելու կարգը
1993-2014 թթ.
1993-2014 թվականներին Անանիա Շիրակացու մեդալ մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո։
1993-2014 թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալը 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ է, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։
Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։
Մեդալն ունի լայն երիզ, որի մեջ պատկերված են, վերևի մասում՝ աստղեր, ներքևի մասում՝ մակագրություն՝ «Անանիա Շիրակացի»։
Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։
Ժապավենը հնգակող է, որի երկու կողերը ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է՝ թունդ կապույտ երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։
Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։
Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։
Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
Ներկայումս
2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը։
Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած դիրքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք։
Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»։
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կապույտ երիզներով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։
Պարգևատրման վիճակագրությունը
Մեդալով պարգևատրվել է 570 անձ, որոնցից 281-ը ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։