Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ամֆետամին (ալֆա‑մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակ), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը հայտնաբերվել է 1887 թվականին 2 էնանթիոմերների[5]՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի տեսքով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է, ռացեմիկ ազատ հիմք, որը երկու էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի մաքուր ամինային ձևի միասնություն է։ Պատմականորեն այն գործածվել է քթի փակման, դեպրեսիայի և գիրության բուժման նպատակով։ Այն նաև գործածվում է որպես արտադրողականության և ճանաչողության ուժեղացուցիչ, ժամանցի նպատակներով՝ որպես աֆրոդիզիակ և էյֆորիկ երևույթներ առաջացնող միջոց։ Բազմաթիվ երկրներում ամֆետամինը դեղատոմսային դուրսգրման միջոց է, և դրա անօրինական տնօրինումը կամ տարածումը հաճախ խիստ վերահսկվում է՝ անկառավարելի ու մեծ քանակությամբ գործածման արդյունքում առողջական հսկայական ռիսկերի առկայության պատճառով[6][7]։
Առաջին դեղագործական ամֆետամինը Բենզեդրինն էր։ Ներկայումս դեղատոմսային դուրսգրման ամֆետամինը Ադդերալն է (անգլ.՝ Adderall)՝ դեքստրոամֆետամին կամ ոչ ակտիվ լիսդեքսամֆետամին։ Ամֆետամինն ամինային ընկալիչի ակտիվացման միջոցով բարձրացնում է կենսածին ամինը և ուղեղում գրգռման ակտիվությունը՝ նպաստելով դոֆամինի արտադրությանը։ Թերապևտիկ դեղաչափերի դեպքում դա հանգեցնում է զգայական և ճանաչողական այնպիսի երևույթների, ինչպիսիք են՝ էյֆորիա, լիբիդոյի փոփոխություն, բարձր արթունություն, բարելավված ճանաչողական կառավարում։ Այն հանգեցնում է այնպիսի ֆիզիկական երևույթների, ինչպիսիք են՝ արագ արձագանքում, հոգնածության դիմադրություն, մկանային ուժեղացում[8][9][10]։
Ամֆետամինի մեծ դեղաչափերը վնասում են ճանաչողական ֆունկցիան և հանգեցնում մկանների արագ քայքայման։ Ոչ բժշկական նպատակներով մեծ դեղաչափերի գործածումը հանգեցնում է թմրամիջոցային կախվածության, ինչի ռիսկը գրեթե բացակայում է բժշկական նպատակներով կիրառման դեպքում։ Բարձր դեղաչափերի դեպքում այն կարող է առաջացնել փսիխոզ (հոգեգարություն), օրինակ՝ պատրանք և պարանոյա, ինչը հազվադեպ է հանդիպում թերապևտիկ դեղաչափերի դեպքում՝ անգամ երկարատև գործածման ժամանակ։ Ոչ բժշկական (ժամանցի) նպատակով ամֆետամին գործածելու դեպքում դեղաչափերը շատ ավելի մեծ են և պարունակում են կողմնակի բացասական հետևանքների մեծ ռիսկ[10][11][12][13][14][15]։
Պատմություն
Առաջին անգամ ամֆետամինը սինթեզվել է 1887 թվականին Գերմանիայում ռումինացի քիմիկոս Լազար Էդելեանոյի կողմից ռացեմիկ խառնուրդի տեսքով, որը նա անվանեց ֆենիլիսոպրոպիլամին[16][17]։ Այն ուշադրության արժանացավ 1920-ական թվականներին, երբ սկսեց փոխարինել էֆեդրինըասթմայի բուժման ժամանակ։ Ամֆետամինի խթանիչ ազդեցությունն անհայտ էր մինչև 1927 թվականը, երբ այն վերասինթեզվեց Գորդոն Ալլեսի կողմից, որն էլ զեկուցեց դրա՝ սիմպատիկ նյարդային համակարգի վրա խթանիչ ազդեցություն ունենալու հատկության մասին[18]։ 1932 թվականին Smith, Kline & French ընկերությունը (ներկայումս GlaxoSmithKline-ի ստորաբաժանում) սկսեց ամֆետամինի վաճառքը «Բենզեդրին» (անգլ.՝ Benzedrine) ապրանքային նշանի ներքո՝ որպես դեկոնգեստանտ գործածելու նպատակով[19]։ 1937 թվականին վաճառքի հանվեցին ամֆետամինի աղերը դեղահաբերի տեսքով, որոնք գովազդվում էին որպես նարկոլեպսիայի, Պարկինսոնի հիվանդության, դեպրեսիայի բուժման, ինչպես նաև նիհարեցման միջոց։ Ռեկրեացիոն (ժամանցի) նպատակով ամֆետամինի գործածումը տարածում ստացավ 1936 թվականից[20]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ[21][22]։ Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը։ 1970-ական թվականների սկզբին ԱՄՆ-ում Վերահսկվող նյութերի ակտի ներքո ամֆետամինը դարձավ հսկման երկրորդ ցանկի նյութ[23]։ Չնայած պետական խիստ հսկողությանը՝ ամֆետամինը օրինական կամ անօրինական ճանապարհով գործածվել է բազմաթիվ մարդկանց կողմից՝ գրողներ[24], երաժիշտներ[25], մաթեմատիկոսներ[26] և մարզիկներ[9]։
Ամֆետամինի անօրինական գործածման վնասներն ակնհայտ դարձան 1960-ական թվականների սկզբին։ «Ամֆետամինային պսիխոզների» դեպքեր գրանցվել են դեռևս 1930-ական թվականներից, իսկ արդեն 1958 թվականին ապացուցվեց նմանատիպ ախտանիշների կապը դեղամիջոցի գործածման հետ։ Հայտնի դարձավ, որ ամֆետամինն ընդունակ է առաջացնել շատ ուժեղ կախվածություն։ 1971 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիան[27], որում վերահսկողության առարկա դարձավ նաև ամֆետամինը։
Ամֆետամինը մինչ օրս անօրինականորեն սինթեզվում է գաղտնի լաբորատորիաներում և վաճառվում սև շուկաներում, հիմնականում՝ եվրոպական երկրներում[28]։ ԵՄ անդամ երկրներում 2013 թվականի տվյալներով շուրջ 1,2 միլիոն երիտասարդներ անօրինական ճանապարհով գործածում են ամֆետամին կամ մեթամֆետամին[29]։ Եվրոպայից դուրս ամֆետամինի անօրինական շուկան շատ ավելի փոքր է, քան մեթամֆետամինի շուկան[28]։
Իրավական կարգավիճակ
ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի ընդունման արդյունքում ամֆետամինը դարձավ հսկման երկրորդ ցանկի նյութ։ Այն խստորեն վերահսկվում է բազմաթիվ երկրներում[30][31]։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ճապոնիան, արգելել են անգամ փոխարինող ամֆետամինի գործածումը բժշկական նպատակներով[32][33]։ Այլ երկրներում, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ը, Թայլանդը և Մեծ Բրիտանիան, ամֆետամինը սահմանափակ գործածման ցուցակում է և թույլատրվում է բժշկական կիրառման համար[34]։ Հայաստանում ամֆետամինը ներառված է «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» ցուցակ N2-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է», իսկ բրոլամֆետամինը, դեքսամֆետամինը և լևամֆետամինը՝ ցուցակ N1-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է»։
Դեղագործական արտադրանք
Ներկայումս սահմանված կարգով կիրառվող ամֆետամինի միակ ձևը, որը պարունակում է երկու էնանթիոմերները միաժամանակ Ադդերալն է[35]։ Այն առկա է նաև առանձին՝ դեքստրոամֆետամինի և լիսդեքսամֆետամինի տեսքով[36]։ Լիսդեքսամֆետամինը կառուցվածքով տարբերվում է ամֆետամինից և ակտիվ չէ մինչև դեքստրոամֆետամինի նյութափոխվելը։ Ռացեմիկ ամֆետամինի ազատ հիմքային ձևը նախկինում հասանելի էր Բենզեդրինի (անգլ.՝ Benzedrine), Պսիխեդրինի (անգլ.՝ Psychedrine) և Սիմպատեդրինի (անգլ.՝ Sympatedrine) տեսքով[37]։ Ներկայումս հասանելի ամֆետամինի բոլոր դեղաձևերը աղերի տեսքով են, քանի որ ազատ հիմքային ձևը համեմատաբար բարձր անկայունություն ունի։ Ներկայումս գործածվող որոշ բրենդները և դրանց համարժեքները ներկայացված են ստորև.
Ամֆետամինն օգտագործվում է ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով և երբեմն դուրս է գրվում ըստ նախկին նշանակման՝ որպես դեպրեսիայի, գիրության և քթի փակման դեմ միջոց։ Ամֆետամինի երկարատև գործածումը որոշ կենդանատեսակների մոտ հանգեցնում է դոֆամինային համակարգի ոչ նորմալ զարգացման և նյարդերի վնասման[39][40], սակայն ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշով տառապող անձանց մոտ այն բարելավում է ուղեղի զարգացումը և նյարդերի աճը[41][42]։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամֆետամինով երկարատև բուժումը նվազեցնում է ուղեղի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարումները, որոնք առկա են ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշ ունեցող անձանց մոտ, և բարելավում է ուղեղի որոշ հատվածների ֆունկցիան[43]։ Երկու տարվա վերահսկվող փորձարկումները ցույց են տվել ամֆետամինի օգնությամբ վերոնշյալ համախտանիշի բուժման արդյունավետությունը և անվտանգությունը[44]։ Համախտանիշով տառապող երեխաների ամֆետամինային բուժումը նպաստել է միջինում 4,5 միավորով մտավոր զարգացման գործակցի բարձրացմանը, ուշադրության շարունակականական ուժեղացմանը և անհանգիստ վարքագծի ու գերակտիվության նվազմանը[45]։ Խթանիչ դեղորայք օգտագործող երեխաները հիմնականում լավ հարաբերություններ ունեն հասակակիցների և ընտանիքի անդամների հետ, առաջադիմում են դպրոցում, քիչ անհանգիստ են և իմպուլսիվ, ուշադրության ժամանակահատվածը ավելի երկար է[46]։
Որպես խթանիչ
Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամֆետամինի թերապևտիկ դեղաչափերը նպաստնում են արտադրողականության և աշխատանքային հիշողության փոքր բարելավմանը, բարձրացնում են կեղևային ցանցի արդյունավետությունը։ Ամֆետամինը բարելավում է նաև որևէ առաջադրանք կատարելու շահադրդումը (մոտիվացիան) և բարձրացնում է արթունությունը՝ խթանելով նպատակասլաց վարքագիծ[47][48]։ Ամֆետամինի տիպի խթանիչները բարձրացնում է բարդ ու ձանձրալի առաջադրանքներ կատարելու ունակությունը և գործածվում են որոշ ուսանողների կողմից ուսման և քննական շրջանում[49]։ Այնուամենայնիվ, թերապևտիկ դեղաչափերը գերազանցող չափով ամֆետամինի գործածումը կարող է վնասել աշխատանքային հիշողությունը և ճանաչողական ֆունկցիայի այլ դրսևորումները։ Մեծ դեղաչափերը կարող են հանգեցնել մկանների արագ քայքայման և մարմնի ջերմաստիճանի բարձրացման[50]։
Ամֆետամինի ազատ հիմքային ձևը անգույն, ցնդող, յուղոտ հեղուկ է, որին բնորոշ է ձկան հոտ։ Այն դժվար է լուծվում ջրում, հեշտ՝ օրգանական լուծիչներում, եռման ջերմաստիճանը 203 °C է, հալման ջերմաստիխանը՝ 11.3 °C[51]:
Ամֆետամինը հիմնականում հանդիպում է աղերի տեսքով, որոնք հեշտությամբ լուծվում են ջրում։ Ամենատարածված աղը ամֆետամինի սուլֆատն է, որն իրենից ներկայացնում է 280-281 °C հալման ջերմաստիճանով սպիտակ փոշի։
Ածանցյալներ
Ամֆետամինի ածանցյալները, որոնց հաճախ անվանում են «ամֆետամիններ» կամ «փոխարինող ամֆետամիններ», քիմիկատների լայն շրջանակ է, որոնք որպես «հիմք» պարունակում են ամֆետամին[52][53]։ Դասը ընդգրկում է այնպիսի խթանիչներ, ինչպիսիք են մեթամֆետամինը, MDMA-ը (էքստազի), էֆեդրինը։ Քիմիկատները այս դասը հաճախ անվանում են «ամֆետամինային ընտանիք» (անգլ.՝ "amphetamine family")[54]:
Սինթեզ
Լեյկարտի ռեակցիա
Անօրինական ամֆետամինի սինթեզման ամենատարածված եղանակներից մեկը Լեյկարտի ռեակցիան է, որը իրենից ներկայացնում է ֆենիլացետոնի (ֆենիլ-2-պրոպան, P2P) կոնդենսացիան ֆորմամիդի կամ ամոնիումի ֆորմիատի հետ՝ մեղվաթթվի առկայության պայմաններում, ինչին հաջորդում է N-ֆորմիլամֆետամինի թթվային հիդրոլիզը[55]։
Ֆենիլացետոնի վերականգնողական ամինացումը
Ամֆետամին կարելի է ստանալ նաև մետաղական կատալիզատորի ներկայությամբ ֆենիլացետոնի վերականգնողական ամինացման միջոցով։ Ռեակցիան տեղի է ունենում միջանկյալ իմինի ձևավորման զուգորդմամբ։ Ռեակցիայի օրինակներ են հանդիսանում.
Ֆենիլացետոնի տարասեռ կատալիտիկ վերականգնում ամոնիակի հետ։ Որպես կատալիզատոր կարող է հանդես գալ ածխի վրա պալադիումը, պլատինի օքսիդը կամ Ռենեի նիկելը։
Ամֆետամինի սինթեզի ևս մեկ եղանակ է հանդիսանում բենզալդեգիդի կոնդենսացիան նիտրոէթանի հետ՝ կալցիումի հիդրօքսիդի առկայության պայմաններում ֆենիլ-2-նիտրոպրոպենի ստացմամբ, որն այնուհետև վերականգնվում է ջրածնի կամ լիթիումի ալյումինահիդրիդի միջոցով[56]։
Հեռացող խմբի փոխարինում
Ամֆետամին կարելի է ստանալ աղաթթվի հետ ալիլբենզոլի ռեակցիայի միջոցով, ինչի արդյունքում ստացվում է 2-քլոր-1-ֆենիլպրոպան, որն այնուհետև ենթարկվում է մեթանոլումամոնիակի լուծույթի ազդեցությանը[57]։
Ստերեոսելեկտիվ սինթեզ
Անհրաժեշտության դեպքում դեքստրոամֆետամինը և լևամֆետամինը կարող են առանձնացվել կալիումի բիատրատի միջոցով։ Բացի այդ, հրապարակվել է դեքստրոամֆետամինի սինթեզի ստերեոսելեկտիվ մեթոդ, որն իրենից ներկայացնում է ֆենիլացետոնի վերականգնողական ամինացում S-α-մեթիլբենզիլամինի միջոցով։ Այդ կերպ ստացված իմինը վերականգնվում է Ռենեի նիկելի օգնությամբ վերաբյուրեղանում է հիդրոքլորիդի տեսքով։ Դրանից հետո N-բենզիլային խումբը ենթարկվում է հիդրոգենոլիզի՝ ածխի վրա պալադիումի առկայության պայմաններում բարձր օպտիկական մաքրության դեքստրոամֆետամինի ստացմամբ։
Հայտնաբերումը կենսահեղուկներում
Ամֆետամինը հաճախ չափվում է մեզի կամ արյան մեջ սպորտային, աշխատանքային, թունավորումների ախտորոշումների, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ[58][59]։ Իմունոֆերմենտային ախտորոշումը հանդիսանում է ամֆետամինի հայտնաբերման ամենատարածված թեստը։ Ամֆետամինի համար հատուկ քրոմատոգրաֆիկ մեթոդներն ուղղված են կեղծ դրական արդյունքների կանխմանը[60]։ Որոշ դեղամիջոցներ նյութափոխանակության արդյունքում ամֆետամին են արտադրում. օրինակ՝ բենզֆետամինը, քլոբենզորեքսը, ֆամպրոֆազոնը, ֆենպրոպորեքսը, լիսդեքսամֆետամինը, մեթամֆետամինը, պրենիլամինը, սելեգիլինը և այլն[61][62]։ Այս միացությունները կարող են հանգեցնել ամֆետամինային թեստերի դրական արդյունքների։ Հիմնականում ամֆետամինը հնարավոր է հայտնաբերել միայն ստանդարտ թմրամիջոցային 24-ժամյա թեստի միջոցով, իսկ բարձր դեղաչափերի դեպքում այն կարող է հայտնաբերվել 2-4 օրում[63]։
Ազդեցության մեխանիզմ
Ամֆետամինի ազդեցությունը հիմնված է կատեխոլամինների՝ հատկապես դոֆամինի և նորադրենալինի՝ ենթասինապսային վերջավորություններից արտազատման ավելացման վրա։ Դոֆամիներգիկսինապսի նորմալ աշխատանքի դեպքում դոֆամինի արտազատումը դեպի սինապտիկ ճեղք տեղի է ունենում դոֆամին պարունակող բշտիկների էկզոցիտոզի միջոցով։ Դրանից հետո տեղի է ունենում դոֆամինի վերագրավումը դեպի բջիջ. դոֆամինային փոխադրիչը՝ DAT, դոֆամինը սինապտիկ ճեղքից տեղափոխում է ցիտոպլազմա, իսկ VMAT փոխադրիչը (մոնոամինների բշտիկային փոխադրիչ)՝ ցիտոպլազմայից բշտիկ։ Մտնելով ամֆետամինի բջջի մեջ՝ փոխադրիչները սկսում են աշխատել հակառակ ուղղությամբ՝ տեղափոխելով դոֆամինը բշտիկից դեպի ցիտոպլազմա, իսկ այնուհետև՝ սինապտիկ ճեղք։ Արդյունքում դոֆամինի առկայությունը սինապտիկ ճեղքում ավելանում է, չնայած՝ նյարդամիջնորդանյութի արտազատման սովորական (բշտիկային) մեխանիզմը թուլանում է[64][65]։
Ամֆետամինի ազդեցության ներքո նորադրենալինի արտազատումը ևս տեղի է ունենում վերոնշյալ ձևով։ Ամֆետամինն ազդում է նաև սերոտոնինի արտազատման վրա, սակայն ավելի թույլ, քան MDMA-ը (էքստազի)[64]։
Ազդեցությունը օրգանիզմի վրա
Կախվածություն
Կախվածությունը լուրջ ռիսկ է ամֆետամինի ռեկրեացիոն (ժամանցի նպատակով) գործածման դեպքում, իսկ թերապևտիկ բժշկական օգտագործման դեղաչափերը սովորաբար կախվածություն չեն առաջացնում[14][15]։ Ամֆետամինի չարաշահման դեպքում կախվածությունը շատ արագ է առաջանում, և երկարաժամկետ գործածումը պահանջում է ավելի մեծ չափաբաժիններ՝ նույն էֆեկտը ստանալու համար[66][67]։
Ամֆետամինի գործածման կտրուկ դադարեցումը առաջ է բերում հոգնածության զգացողություն, քնկոտություն կամ անքնություն, անհանգստություն, ամֆետամինի խիստ պահանջ, շարժունության ավելացում կամ պակասում, սննդի մշտական կարիք, շահադրդման բացակայություն, պայծառ երազներ, դեպրեսիվ տրամադրություն՝ ընդհուպ մինչև ինքնասպանության աստիճան[68]։ Սրանք բոլորը կարող են համարվել զրկանքի համախտանիշի ախտանշաններ։ Այդ ախտանշանները կապված են կախվածության աստիճանի հետ։ Ամֆետամինի թերապևտիկ օգտագործման դեպքում սովորաբար զրկանքի համախտանիշի ախտանշաններ չեն դիտվում[69]։
Թունավորություն
Կրծողների և պրիմատների մոտ ամֆետամինի բավականաչափ բարձր դեղաչափերն առաջացնում են դոֆամիներգիկ նեյրոտոքսիկ ազդեցություն կամ վնասում են դոֆամինային նեյրոնները, ինչը բնութագրվում է տեղափոխման և ընկալման նվազած ֆունկցիաներով[70]։ Ապացույց չկա, որ մարդկանց մոտ ամֆետամինն ունի ուղղակի նեյրոտոքսիկ ազդեցություն[71][72]։ Այնուամենայնիվ, ամֆետամինի մեծ դեղաչափերը կարող են հանգեցնել անուղղակի նեյրոտոքսիկ ազդեցության՝ թթվածնի ռեակտիվ ձևերի և դոֆամինի ինքնաթթվեցման հետևանքով օքսիդատիվ սթրեսի ավելացման արդյունքում[73][74]։
Ամֆետամինային ծանր գերդոզավորումը կարող է հանգեցնել խթանիչային փսիխոզի, ինչը կարող է ներառել բազմաթիվ ախտանշաններ, ինչպիսիք են պարանոյան և պատրանքները։ Փաստեր կան, որ ամֆետամինային, դեքստրոամֆետամինային և մեթամֆետամինային փսիխոզով տառապող անձանց 5-15%-ը ամբողջությամբ չի ապաքինվում[75]։ Թերապևտիկ օգտագործման դեպքում փսիխոզ շատ հազվադեպ է դիտվում[76]։
Ամֆետամինային գերդոզավորման ժամանակ կիրառվող հիմնական միջոցը բենզոդիազեպիններն են։ Կարող են կիրառվել նաև բարբիտուրատներ, պրոպոֆոլ ցնցումների դեմ, ադրենոբլոկատորներ և անոթալայնացնող միջոցներ՝ զարկերակային ճնշման իջեցման համար։ Մարմնի ջերմաստիճանի իջեցման համար կարելի է կիրառել արտաքին սառեցում[77]։
Կողմնակի ազդեցություններ
Ամֆետամինի կողմնակի ազդեցությունները բազմաթիվ են և դրանց հավանականությունն ու ուժգնությունը որոշող հիմնական գործոնը գործածվող ամֆետամինի քանակն է։ Ամֆետամինային արտադրանքը, ինչպիսին են Ադդերալը, Դեքսեդրինը և դրանց համարժեքները, ներկայումս ԱՄՆ-ում հաստատված են որպես երկարաժամկետ թերապևտիկ օգտագործման միջոց։ Ամֆետամինի ռեկրեացիոն (ժամանցիի նպատակով) գործածումը սովորաբար պահանջում է շատ ավելի բարձր դեղաչափեր, ինչն էլ կողմնակի ազդեցությունների շատ ավելի մեծ ռիսկ է պարունակում[78]։
Ֆիզիկական
Նորմալ թերապևտիկ դեղաչափերի դեպքում ամֆետամինի կողմնակի ազդեցությունները տարբերվում են ըստ տարիքի և անձի։ Սիրտանոթային համակարգի հետ կապված կողմնակի ազդեցությունները կարող են ներառել գերճնշում, Ռեյնոյի հիվանդություն (դեպի վերջույթներ արյան ցածր հոսք) և տախիկարդիա[79]։ Սեռական համակարգի հետ կապված կողմնակի ազդեցությունները տղամարդկանց մոտ կարող են ներառել էրեկցիայի խանգարումներ, հաճախակի կամ երկարաձգված էրեկցիաներ։ Որովայնի հետ կապված կողմնակի ազդեցությունները կարող են ներառել ստամոքսի ցավ, ախորժակի կորուստ, սրտխառնոց, քաշի կորուստ։ Այլ հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են բերանում չորություն, ատամների կրճտում, բշտիկներ, առատ քրտնարտադրություն, մշուշոտ տեսողություն, ցնցումներ, ջղաձգումներ։
Ամֆետամինը խթանում է ուղեղի շնչառական կենտրոնները՝ հանգեցնելով արագ և խորը շնչառության[78]։ Թերապևտիկ դեղաչափերի դեպքում այս ախտանշանը այնքան էլ նկատելի չէ, բայց երբ շնչառությունը վնասվում է, այն կարող է ակնհայտ դառնալ։ Ամֆետամինը վնասում է նաև միզապարկի սեղմանը, որն ապահովում է միզազատումը, և դա կարող է հանգեցնել վերջինիս դժվարեցմանը։ Ամֆետամինի ազդեցությունը ստամոքս-աղիքային տրակտի վրա անկանխատեսելի է։ Եթե աղիքների աշխատանքը բարձր է, ամֆետամինը կարող է նվազեցնել ստամոքս-աղիքային շարժունակությունը (արագությունը, որով աղիքների պարունակությունը շարժվում է մարսողական համակարգով), իսկ տրակտի հարթ մկանը թուլացած վիճակում է, ամֆետամինը կարող է բարձրացնել ստամոքս-աղիքային շարժունակությունը։ Ամֆետամինն ունի նաև աննշան ցավազրկող ազդեցություն և կարող է բարձրացնել օփիոիդների ցավազրկող հատկությունները։
Հոգեբանական
Թերապևտիկ դեղաչափերի հոգեբանական ազդեցությունները կարող են ներառել բարձր արթնություն, երկյուղ, կենտրոնացում, հոգնածության ցածր զգացում, տրամադրության տատանումներ, բարձր նախաձեռնողականություն, անքնություն, ինքնավստահություն, մարդամոտություն։ Ավելի քիչ հանդիպող կողմնակի ազդեցությունները ներառում են անհանգստություն, լիբիդոյի փոփոխություն, դյուրագրգռություն, կրկնվող կամ կպչուն վարքագիծ. սրանք կախված են գործածողի անհատականությունից և հոգեկան վիճակից[80]։ Ամֆետամիային փսիխոզները՝ պատրանքը և պարանոյան, կարող են ի հայտ գալ խնդրահարույց գործածողների մոտ։ Դրանք հազվադեպ կարող են հայտնաբերվել նաև երկարատև թերապևտիկ գործածողների մոտ[81]։ Դեռևս առկա չէ սիստեմատիկ վկայություն, որ խթնաիչները հանգեցնում են ագրեսիվ վարքագծի կամ թշնամության[82]։
Առկա են տվյալներ, որ ամֆետամինի թերապևտիկ օգտագործողները նախընտրում են ժամանակ անցկացնել այն վայրերում, որտեղ նախկինում օգտագործել են այն[83][84][85]։
Հակացուցումներ
Քիմիական անվտանգության միջազգային ծրագրի և ԱՄՆ սննդի ու հոգեակտիվ նյութերի վարչության տվյալների համաձայն՝ ամֆետամինը հակացուցված է բժշկական պատմության մեջ թմրամիջոցներից կախվածության, սրտանոթային համակարգի հիվանդությունների, ծանր անհանգստության դեպքերի առկայությամբ անձանց[82]։ Այն հակացուցված է նաև աթերոսկլերոզով (զարկերակների կարծրացում), գլաուկոմայով (աչքի բարձր ճնշում), հիպերթիրեոզով (վահանագեղձի հորմոնի չափից շատ արտադրություն) և գերճնշումով տառապող անձանց։ Այլ խթանիչներից ալերգիա ունեցող անձանց ևս խորհուրդ չի տրվում ամֆետամին գործածել։ Այն անձինք, ովքեր ունեն անորեքսիա, երկբևեռ խանգարում, դեպրեսիա, լյարդի կամ երիկամների խնդիրներ, պսիխոզ, մոլուցք, Ռեյնոյի հիվանդություն, վահանագեղձի խնդիրներ, ջղաձգումներ, ամֆետամին օգտագործելու շրջանում պետք է հետևողական լինեն իրենց ախտանշանների նկատմամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամֆետամինի թերապևտիկ դեղաչափերը հանգեցնում են պտղի կամ նորածինների զարգացման խանգարումների, իսկ ամֆետամինային կախվածությունը պտղի համար կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։ Ամֆետամինը անցնում է կրծքի կաթի մեջ, այդ իսկ պատճառով կերակրող մայրերը չպետք է երեխաներին կրծքի կաթ տան ամֆետամին գործածելու շրջանում[86]։
↑Մոլեկուլային զույգի յուրաքանչյուր մոլեկուլը, որը մյուսի հայելային արտապատկերումն է։ Դրանք ունեն միևնույն կառուցվածքը, սակայն տարբեր ուղղվածություն։ "Enantiomer" (անգլերեն)
↑"Amphetamine" (անգլերեն)։ Medical Subject Headings. National Institutes of Health, National Library of Medicine.
↑ 9,09,1Liddle DG, Connor DJ (June 2013). "Nutritional supplements and ergogenic AIDS". Prim. Care 40 (2): 487–505.
↑ 10,010,1Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). "Chapter 13: Higher Cognitive Function and Behavioral Control". In Sydor A, Brown RY. Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York, USA: McGraw-Hill Medical. p. 318.
↑ 14,014,1Kollins S (May 2008). "A qualitative review of issues arising in the use of psycho-stimulant medications in patients with ADHD and co-morbid substance use disorders". Curr. Med. Res. Opin. 24 (5): 1345–1357.
↑ 15,015,1Stolerman IP (2010). Stolerman IP, ed. Encyclopedia of Psychopharmacology. Berlin, Germany; London, England: Springer. p. 78.
↑Rasmussen N (August 2011). "Medical science and the military: the Allies' use of amphetamine during World War II". J. Interdiscip. Hist. 42 (2): 205–233.
↑Defalque RJ, Wright AJ (April 2011). "Methamphetamine for Hitler's Germany: 1937 to 1945". Bull. Anesth. Hist. 29 (2): 21–24, 32.
↑"European drug report 2014: Trends and developments". Lisbon, Portugal: European Monitoring Centre for Drugs and Drug Addiction. May 2014. pp. 13, 24.
↑Hart H, Radua J, Nakao T, Mataix-Cols D, Rubia K (February 2013). "Meta-analysis of functional magnetic resonance imaging studies of inhibition and attention in attention-deficit/hyperactivity disorder: exploring task-specific, stimulant medication, and age effects". JAMA Psychiatry 70 (2): 185–198.
↑Frodl T, Skokauskas N (February 2012). "Meta-analysis of structural MRI studies in children and adults with attention deficit hyperactivity disorder indicates treatment effects.". Acta psychiatrica Scand. 125 (2): 114–126.
↑Millichap JG (2010). "Chapter 3: Medications for ADHD". In Millichap JG. Attention Deficit Hyperactivity Disorder Handbook: A Physician's Guide to ADHD (2nd ed.). New York, USA: Springer. pp. 111–113.
↑Millichap JG (2010). "Chapter 3: Medications for ADHD". In Millichap JG. Attention Deficit Hyperactivity Disorder Handbook: A Physician's Guide to ADHD (2nd ed.). New York, USA: Springer. pp. 121–123, 125–127.
↑Wood S, Sage JR, Shuman T, Anagnostaras SG (January 2014). "Psychostimulants and cognition: a continuum of behavioral and cognitive activation". Pharmacol. Rev. 66 (1): 193–221
↑Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). "Chapter 10: Neural and Neuroendocrine Control of the Internal Milieu". In Sydor A, Brown RY. Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York, USA: McGraw-Hill Medical. p. 266.
↑Roelands B, de Koning J, Foster C, Hettinga F, Meeusen R (May 2013). "Neurophysiological determinants of theoretical concepts and mechanisms involved in pacing". Sports Med. 43 (5): 301–311.
↑Douglas S. Johnson, Jie Jack Li The Art of Drug Synthesis. - John Wiley & Sons, Inc., 2007. - P. 244-247. - 350 p.
↑Ruben Vardanyan, Victor Hruby Synthesis of Essential Drugs. - Elsevier, 2006. - P. 119-120. - 634 p.
↑Kraemer T, Maurer HH (August 1998). "Determination of amphetamine, methamphetamine and amphetamine-derived designer drugs or medicaments in blood and urine". J. Chromatogr. B Biomed. Sci. Appl. 713 (1): 163–187.
↑Kraemer T, Paul LD (August 2007). "Bioanalytical procedures for determination of drugs of abuse in blood". Anal. Bioanal. Chem. 388 (7): 1415–1435.
↑Paul BD, Jemionek J, Lesser D, Jacobs A, Searles DA (September 2004). "Enantiomeric separation and quantitation of (±)-amphetamine, (±)-methamphetamine, (±)-MDA, (±)-MDMA, and (±)-MDEA in urine specimens by GC-EI-MS after derivatization with (R)-(−)- or (S)-(+)-α-methoxy-α-(trifluoromethyl)phenylacetyl chloride (MTPA)". J. Anal. Toxicol. 28 (6): 449–455.
↑Musshoff F (February 2000). "Illegal or legitimate use? Precursor compounds to amphetamine and methamphetamine". Drug Metab. Rev. 32 (1): 15–44.
↑Cody JT (May 2002). "Precursor medications as a source of methamphetamine and/or amphetamine positive drug testing results". J. Occup. Environ. Med. 44 (5): 435–450.
↑"Clinical Drug Testing in Primary Care"(չաշխատող հղում). Substance Abuse and Mental Health Services Administration. Technical Assistance Publication Series 32. United States Department of Health and Human Services. 2012.
↑Advokat C (July 2007). "Update on amphetamine neurotoxicity and its relevance to the treatment of ADHD". J. Atten. Disord. 11 (1): 8–16.
↑"Amphetamine". Hazardous Substances Data Bank. National Library of Medicine.
↑Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). "Chapter 15: Reinforcement and addictive disorders". In Sydor A, Brown RY. Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York, USA: McGraw-Hill Medical. p. 370.
↑Sulzer D, Zecca L (February 2000). "Intraneuronal dopamine-quinone synthesis: a review". Neurotox. Res. 1 (3): 181–195.
↑Miyazaki I, Asanuma M (June 2008). "Dopaminergic neuron-specific oxidative stress caused by dopamine itself". Acta Med. Okayama 62 (3): 141–150.
↑Hofmann FG (1983). A Handbook on Drug and Alcohol Abuse: The Biomedical Aspects (2nd ed.). New York, USA: Oxford University Press. p. 329.
↑Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). "Chapter 15: Reinforcement and Addictive Disorders". In Sydor A, Brown RY. Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York: McGraw-Hill Medical. pp. 364–375.
↑Heedes G; Ailakis J. "Amphetamine (PIM 934).INCHEM. International Programme on Chemical Safety.