1271 թվականի մարտի 3-ին Զահեր Բայբարսը մոտեցավ Կրակ դե-Շեվալեին[1]։ Հավանական է, որ մինչև սուլթանի տեղ հասնելը մամլուքները արդեն մի քանի օր արգելափակել էին ամրոցը[2]։ Քաղաքի գրավման մասին արաբական աղբյուրներում պահպանվել է երեք տարբերակ որոնցից ամենանշանավորը Իբն-Շադդադի ժամանակագրությունն է։ Համաձայն Շադդադի, շրջակայքում բնակված գյուղացիները մամլուքներից պաշտպանվում էին ամրոցի ներքին բակում։ Երբ Բայբարսը մոտեցավ քաղաքին, կարգադրեց բալիստներ և կատապուլտեր կառուցել քաղաքի պատերը գնդակոծելու համար։ Ըստ Շադդադի երկու օր անց պաշտպանության առաջին շարքը նվաճվեց մամլուքների կողմից (ամենայն հավանականությամբ ժամանակագիրը նկատի է ունեցել միջնաբերդի դիմացի պատերը)[3]։ Անձրևի պատճառով պաշարումը դադարեցվեց, բայց արդեն մարտի 21-ին պաշտպանները կորցրեցին գլխավոր աշտարակը, իսկ մարտի 29-ին՝ հարավարևմտյան աշտարակը։ Բացված ճեղքից Բայբարսի բանակը ներխուժեց փախստականներով լի ներքին բակ։
Քաղաքի հանձնումը
Չնայած, արտաքին ամրությունները և ներքին բակը մուսուլմանների վերահսկողության տակ էր, իսկ կայազորի մի մասը սպանված էր, ամրոցի միջնաբերդում հավաքված հիվանդախնամները շարունակում էին դիմադրել։ Տասնօրյա լռությունից հետո պաշարողները խաչակիրներին հանձնեցին նամակ, իբր Տրիպոլիում գտնվող հիվանդախնամների Մեծ Մագիստրոսից, ըստ որի վերջինս թույլատրում էր ասպետներին հանձնվել։ Չնայած նամակը կեղծ էր, կայազորայինները հանձնվեցին, իսկ սուլթանը թույլատրեց նրանց ազատ լքել քաղաքը[4]։ Ամրոցի նոր տերերը սկսեցին վերանորոգել արտաքին պատերը[5]։ Իսկ հիվանդախնամների մատուռը վերածեցին մզկիթի, նաև ավելացրին երկու միհրաբ[6]։