Ազատ արվեստներ (լատին․՝ artes liberales), հմտությունների կամ առարկաների ցանկ, որոնց իմացությունը ազատ մարդու (քաղաքացու) համար դասական հնադարում համարվում էր էական՝ քաղաքացիական կյանքին մասնակցելու համար։ Հին Հունաստանում սա ընդգրկում էր մասնակցությունը հասարակական քննարկումներին, պաշտպանությունը դատարանում, որպես երդվյալ ատենակալ հանդես գալը և ամենակարևորը՝ ռազմական ծառայությունը (ստրուկներին և օտարերկրացիներին քաղաքացու պարտականություններն ու պատասխանատվությունները չէին վերաբերում)։ Այս արվեստների ուսումնասիրության նպատակն էր ձևավորել առաքինի, գիտակ և մտքերը հստակ արտահայտելու ունակ անձնավորություն։ Քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը հիմնական ազատ արվեստներն էին, որոնք կազմում էին արվեստների եռյակ (trivium)։ Միջին դարերում, երբ կրթությունը հայտնվեց Եկեղեցու ազդեցության ոլորտում, այս առարկաների ցանկը լրացվեց ևս չորսով (quadrivium), որոնք էին՝ թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունը և աստղագիտությունը (որը ներառում էր նաև աստղագուշակությունը)։ Այս եռյակն ու քառյակը միասին կազմել են միջնադարյան համալսարանական կրթության յոթ ազատ արվեստները։
Արդի ժամանակներում ազատ արվեստների կրթությունը կարող է ընկալվել տարբեր իմաստներով։ Այն կարող է վերաբերել գրականության, լեզուների, փիլիսոփայության, պատմության, մաթեմատիկայի, հոգեբանության և այլ գիտությունների հատուկ բնագավառների ուսումնասիրությանը կամ ազատ արվեստների կոչման ծրագրի սահմաններում ուսմանը։ Օրինակ Հարվարդի համալսարանը ունի Ազատ Արվեստների Մագիստրոսի կոչման տանող ուսման ծրագիր[1], որն հումանիտար գիտությունների ոսումնասիրությանը մեկտեղ ընդգրկում է կենսաբանական և հասարակական գիտությունների ոսումնասիրությունը։ Երկու մեկնաբանումներով էլ եզրը սովորաբար արտահայտում է այնպիսի նյութերի ընդգրկումը, որոնք չեն վերաբերվում մասնագիտական, արհեստների կամ տեխնիկական ուսումնական ծրագրին։