Ազատ առևտրի գոտի (ԱԱԳ), միջազգային ինտեգրացիայի տեսակ, որի շրջանակներում մասնակից երկրներում վերացվում են մաքսատուրքերը, հարկերը և գանձումները, ինչպես նաև հեշտացվում է ապրանքաշրջանառությունը` մասնակից երկրների միջև։ Սա ինտեգրացիայի ավելի խորը տեսակ է, քան միջկառավարական տնտեսական համաձայնագրերը։ Յուրաքանչյուր մասնակից երկիր ունի ինքնուրույն և անկախ առևտրային ռեժիմի որոշման իրավունք` երրորդ երկրների նկատմամբ։ Հիմնականում ազատ առևտրի գոտու պայմանները տարածվում են բոլոր տեսակի ապրանքների վրա, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների։ Ազատ առևտրի գոտու գործունեությունը վերահսկվում է քարտուղարության կողմից, որը տեղակայված է մասնակից երկրներից մեկում։ Ազատ առևտրի որոշ գոտիներում քարտուղարություն հասկացություն չկա։ Տարին մեկ կամ երկու անգամ միմյանց հետ հանդիպում են մասնակից երկրների ղեկավարները և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները` քննարկելու առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր։ Մասնակից երկրների սահմաններին պահպանվում են սահմանային մաքսակետերը` վերահսկելու համապատասխան երկիր մտնող կամ երկրից դուրս եկող ապրանքաշրջանառությունը։
«Ազատ առևտուրը առևտուր է առանց մաքսային տուրքերի և քանակական սահմանափակումների,բացառությամբ խիստ որոշակի դեպքերի, որոնք կարող են մտցվել»
Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր ՆԱՖՏԱ (North American Free Trade Agreement, NAFTA)` ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև կնքված համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1994 թվականից։ Համաձայնագրով նախատեսված է մաքսային տուրքերի աստիճանաբար վերացում ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների համար։ Համաձայնագիրը երաշխավորում է ինտելեկտուալ կարողության իրավունքի պաշտպանություն, ներդրումների ընդհանուր պահանջների մշակում, առևտրային ծառայությունների ազատականացում։